Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Ինտիմ հարաբերություններ չառաջարկել» կամ ինքնահավան տղամարդու սանձահարում

20:03   20 հունվարի, 2017

Հմայիչ, հարուստ եւ ինքնահավան տղաների մասին շատ ֆիլմեր կան: Նրանք անում են այն, ինչ ցանկանում են եւ խաղում են աղջիկների զգացմունքների հետ: Այդպիսին է նաեւ «Ինտիմ հարաբերություններ չառաջարկել» ֆիլմի հերոս Իվանը:

Նա միայնակ ապրում է  մեծ բնակարանում` վայելելով զվարճանքներն ու իր ազատությունը: Սակայն կյանքը Իվանի համար անակնկալ էր պատրաստել…

Աշխատանքից հեռանում է նրա սպասուհին` մեծահասակ կին, որը պարբերաբար այցելում էր Իվանին, մաքրում էր տունն ու  նրա համար համեղ ուտեստներ էր պատրաստում:

Հոր հետ կոնֆլիկտի ժամանակ երիտասարդը նշում է, որ ինքը միայնակ էլ կարող է գլուխ հանել տան գործերից եւ հրաժարվում է ծանոթանալ հոր ընկերոջ աղջկա հետ, թեպետ նրանց երկուսի ծնողներն էլ մտադրություն ունեն ամուսնացնել իրենց զավակներին:

Մի քանի օր միայնակ ապրելուց հետո Իվանը հասկանում է, որ արագ սնունդով ամեն օր չի կարելի է սնվել եւ իրեն համեղ պատրաստող մեկն, այնուամենայնիվ, պետք է: Տղան որոշում է սենյակներից մեկը անվճար հանձնել` պայմանով, որ այնտեղ պետք է բնակվի կին, որը կկարողանա զբաղվել տնային գործերով եւ իրեն համեղ սնունդտով ապահովել: Իր հայտարարության վերջում Իվանն ավելացնում է` ինտիմ հարաբերություններ չեմ առաջարկում:

Իվանի հայտարարությունը տեսնում է Մարուսյան` մոտ 30 տարեկան չամուսնացած օրիորդ, որն աշխատում է Իվանի տան մոտակայքում գտնվող համալսարանում եւ նրան հենց այդ տարածքում վարձով բնակարան էր պետք: Համարձակ Մարուսյան որոշում է գնալ հայտարարության հետքերով: Իվանն էլ սիրով համաձայնվում է ընդունել նրան իր տանը, քանի որ աղջիկն ունի վստահելի` աչքի չընկնող արտաքին, մի քանի ավելորդ կիլոգրամներ եւ աչքի չի ընկնում ճաշակի զգացումով` մի խոսքով, ընդհանրապես, չի համապատասխանում իր ճաշակին եւ վստահորեն կարելի է ասել, որ նրանց միջեւ ոչ մի հարաբերություն չի էլ կարող լինել:

Ինքնահավան Իվանը Մարուսյային հենց սկզբից փորձում է հասկացնել, որ վերջինս իր հետ ռոմանտիկ հարաբերությունների հույս անգամ չունենա: Մինչդեռ Մարուսյան զարմացնում է Իվանին` հայտարարելով, որ տղան եւս իր ճաշակով չէ, այնպես որ` կարող է հանգիստ շունչ քաշել:

Մարուսյայի այս հայտարարությունը հետաքրքրում է կնամոլ Իվանին, որը հոգու խորքում ցանկանում էր, որ մոլորակի բոլոր կանայք միայն իրեն ուշադրություն դարձնեն: Արդյոք կհաջողվի՞ զուսպ եւ խելացի Մարուսյային սանձահարել ինքնահավան Իվանին… Դա արդեն չենք նշի, որպեսզի ավելի հետաքրքրությամբ դիտք այս ֆիլմը:

Ի դեպ, «Վերադարձրու իմ սերը» ռուսական հեռուստասերիալի սիրահարներին տեղեկացնենք, որ ներկայացված կատակերգությունում Իվանին մարմնավորում է հայտնի սերիալում Վլադի դերակատար Ստանիսլավ Բոնդարենկոն, իսկ Մարուսյայի դերում հանդես է գալիս Անաստասիա Սավոսինան:

Ռեժիսոր Օլեգ Շտրոմի այս կինոնկարում բացի Իվանից եւ Մարուսյայից կհանդիպեք այլ հետաքրքիր եւ կարեւոր կերպարների, որոնք եւս նշանակալի դեր են  խաղում գլխավոր հերոսների խճճված պատմության մեջ:

Ֆիլմը նկարահանվել է 2016 թ-ին, այնպես որ` ռուսական կատակերգությունների սիրահարների համար սա նորություն է, որն անպայման խորհուրդ ենք տալիս դիտել ուրբաթ երեկոյան:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE