Իրինա Ալեգրովան 65 տարեկան է. Լուկաշենկոն, Ալեքսանդր Սերովը, Իգոր Նիկոլաեւն ու այլք շնորհավորել են երգչուհուն

14:40   20 հունվարի, 2017

Իրինա Ալեգրովան այսօր 65 տարեկան դարձավ: Հայտնի երգչուհուն շնորհավորել են գործընկերները՝ Ալեքսանդր Սերովը, Իգոր Նիկոլաեւը, Ալեքսանդր Բույնովը, ինչպես նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում Ալեգրովայի հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հրապարակվել:

«Հիասքանչ ձայնն ու տաղանդը Ձեզ օգնեցին մասնագիտական բարձունքների հասնել, հեղինակություն եւ հանդիսատեսի անկեղծ սերը ձեռք բերել: Վստահ եմ, որ հետագայում նույնպես հանդիսատեսին կուրախացնեք նոր երգերով եւ վառ նախագծերով՝ նպաստելով մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը»,- ասված է ուղերձում:

Ալեգրովան տարեդարձը նշելու է ընտանեկան նեղ շրջանակում:

«Ոչ մի շքեղ հավաքույթ, կենացներ ու շնորհավորանքներ: Հենց այսպես՝ համեստ ու հարմարավետ եմ նշել իմ տարեդարձերը պատանեկության տարիներին: Եվ ձգտում եմ չխախտել այդ ավանդույթը: Տարեդարձի առիթով ավելորդ իրարանցումը միայն խանգարում է վայելել տոնը»,- հայտարարել է Իրինան:

Հավելենք, որ մարտի 5-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի է ունենալու Իրինա Ալեգրովայի համերգը:

 

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE