94-ամյա տատիկը 54 տարի անց ավարտել է համալսարանը

12:51   20 հունվարի, 2017

Ամերիկյան Հավայի նահանգից 94-ամյա Ամի Քրաթոնը 54 տարի անց ավարտել է Նյու-Հեմփշիրի համալսարանը եւ դարձել համալսարանի ամենատարեց շրջանավարտը: Ավելին, 12 թոռ ունեցող տատիկը, որն ավարտել է բարձր ցուցանիշով՝ 4.0-ով, այժմ նաեւ համալսարանի ամենատարեց ուսանողն է, քանզի Քրաթոնը դիմել է մագիստրոսի աստիճան ստանալու համար:

«Ինձ լավ եմ զգում, որ ավարտել եմ ու եզրափակել եմ կյանքի իմ այդ շրջանը: Բայց ես զգում եմ, որ ճանապարհս դեռ շարունակվում է եւ դեռ սովորելու շատ բան ունեմ: Պետք է ապրել, պետք է սովորել այնքան, որքան կկարողանաք: Եթե տանն եք, գիրք կարդացեք, ցանկացած գիրք: Ինքնակրթվեք, զարգացրեք ձեր գիտելիքները»,- վստահ է տատիկը, որի դիպլոմը համալսարանի ռեկտորն անձամբ է բերել նրա տուն:

Նշենք, որ Քրաթոնը համալսարան  է ընդունվել 1962-ին եւ կրթությունը կիսատ է թողել ամուսնալուծությունից հետո չորս երեխաներին մեծացնելու համար: Բայց տարիներ անց նա վերջապես կատարել է իր երազանքը, ճիշտ է, առցանց ուսուցման միոջով, քանզի ունի հենաշարժական եւ լսողական խնդիրներ:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE