Այս ընթացքում ես ապրում եմ իմ ընտանիքով. Աննա Թովմասյանը` իր եւ Արամեի զուգերգի եւ երգարվեստ վերադառնալու մասին

10:05   23 հունվարի, 2017

Օրերս կայացավ հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սիրված զույգերից մեկի` Արամեի եւ Աննա Թովմասյանի «Իմն ես» զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: Դատելով տեսահոլովակի գրանցած դիտելիությունից եւ երկրպագուների մեկնաբանություններից` այս զուգերգն, իսկապես, սպասված էր երգիչների երկրպագուների համար: Բացի դա` սա Աննայի առաջին տեսահոլովակն էր` երկարատեւ երաժշտական դադարից հետո:

NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ` ամուսնու հետ համագործակցության, երկարատեւ լռության եւ երգարվեստ վերադառնալու ծրագրերի մասին.

«Ես երբեք բուռն գործունեություն չեմ ծավալել հայկական շոու-բիզնեսում եւ չեմ կարող ասել, որ սա դադար էր: Ուղղակի իմ կյանքում շատ ավելի կարեւոր իրադարձություններ եղան: Կարծում եմ` այս տեսահոլովակը կլինի իմ աշխատանքի սկիզբը»,-նշեց Աննան, որի առօրյան առանց երգարվեստի էլ բավականին հագեցած է անցնում:

«Այս ընթացքում ես ապրում եմ իմ ընտանիքով եւ հանդիպում ընկերներիս հետ: Հարազատ մարդկանց հետ հաճելի ժամանակ եմ անցկացնում: Գործնական դեռ ոչ մի կարեւոր բան չեմ արել, բացի իմ եւ Արամեի զուգերգից:)»:

Աննայի խոսքով` ամուսնու հետ զուգերգով ներկայանալու ցանկություն վաղուց է եղել.

«Մենք միշտ Արամեի հետ խոսել ենք երգի թեմայով, ուղղակի նա ասում էր, որ դա ճիշտ ժամանակին պետք է անել: Այդպես էլ ստացվեց»:

Երգչուհուն անչափ ուրախացրել են նաեւ երկրպագուների մեկնաբանություններն ու բարեմաղթանքները.

«Միայն ուրախ եմ ու շնորհակալ բոլորին` նման արձագանքի համար: Շատ հաճելի զգացումներ ունեմ…Դա մեզ էլ ավելի է ոգեւորում հետագա աշխատանքների համար»,-նշեց Աննան, որից հետաքրքրվեցինք` արդյոք սա նշանակո՞ւմ է երգարվեստ վերադառնալու սկիզբ.

«Չեմ կարող ասել: Դա կրկին կախված է ժամանակից: Եթե հասունանա պահը, ինչո՞ւ ոչ` միգուցե, ներկայանամ նոր երգով»:

Ինչ վերաբերում է երգչուհու անձնական նորություններին, ապա երկրպագուների համար վաղուց արդեն գաղտնիք չէ, որ սիրված զույգի ընտանիքում շուտով երջանիկ համալրում է սպասվում: Ի դեպ, այս հրաշալի լուրը գեղեցիկ կերպով ներկայացված է նաեւ «Իմն ես» տեսահոլովակի վերջում:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE