Երեք սկզբունք, որոնցով զուգընկեր ենք ընտրում

22:10   22 մարտի, 2017

Եկեք դիտարկենք մի քանի ցուցանիշ, որոնք կարող են տղամարդու եւ կնոջ միջեւ զգացմունքներ  առաջացնել:

Միեւնույն շրջապատ

Կարեւոր գործոն կարող է դառնալ տվյալ մարդու ներկայությունը մեր կյանքում: Հենց այդ պատճառով էլ ընտանիքների մեծամասնությունը ծնվում է ընդհանուր շրջապատի, աշխատանքի, նույնիսկ սոցկայքերի շնորհիվ (օրինակ` դուք միեւնույն թեմատիկ խմբում եք): Առաջին հայացքից սերն, իհարկե, ռոմանտիկ է եւ ցանկալի, սակայն իրականության մեջ զուգընկներները հաճախ բավականին երկար են «ուսումնասիրում» միմյանց:

Արտաքին տվյալներ

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այն կարծիքը, որ «արտաքինը գլխավորը չէ», կյանքում շատ սխալ է: Չէ՞ որ, ըստ էության, մարդու արտաքին տեսքը որոշիչ գործոն է զուգընկերջ ընտրության հարցում: Սակայն դա այնքան էլ բառացի պետք չէ հասկանալ:

Օրինակ, եթե Դուք իդեալ եք համարում բարձրահասակ, կապուտաչյա շիկահերներին, դա չի նշանակում, որ արդյունքում կընտրեք նման արտաքինով որեւէ մեկին: Մարդը ձեզ համար գայթակղիչ է, թե՝ ոչ, օրգանիզմն ընտրում է ենթագիտակցական մակարդակում` անկախ ձեր կարծիքից: Այդ պատճառով էլ մենք հաճախ զարմանում ենք մեր «փնտրտուքների» արդյունքներից: 

Անձնական համընկնումներ

Որպես կանոն` սիրահարվածության համար բավական են առաջին երկու բաղկացուցիչները`ընդհանուր տարածություն ծանոթության համար եւ փոխադարձ համակրանքը` հիմնված պոտենցիալ զուգընկերոջ արտաքին գրավչության վրա: Բայց առավել խորը զգացմունքների համար, որոնք լուրջ հարաբերությունների են հանգեցնում, անհրաժեշտ են, այսպես կոչված, «անձնական համընկնումները»: Մարդիկ, ի հեճուկս «հակադրությունները ձգում են միմյանց» տարածված կարծիքի, իրականում փնտրում են իրենց նմաններին: 



© NEWS.am STYLE