Ֆիլիպ Կիրկորովը 12 մլն դոլար արժողությամբ դղյակ է կառուցել իր համար

11:32   24 հունվարի, 2017

Ֆիլիպ Կիրկորովը 12 մլն դոլար արժողությամբ դղյակ է կառուցել: «Ռուսական էստրադայի արքան» Մոսկվայում բնակարաններ ունի, Ռուբլյովկայում՝ առանձնատուն, ինչպես նաեւ քոթեջներ Բուլղարիայում եւ Մայամիում:

Ապրիլին Ֆիլիպը 50 տարեկան է դառնում, եւ երգիչն իրեն նվեր է մատուցել՝ Մերձմոսկվայում դղյակ կառուցելով:

Ժիվոպիսնայա խորշի ջրերով շրջապատված թերակղզում ընդամենը 30 առանձնատուն կա, բոլորը կառուցված անհատական նախագծով: Մեկ հեկտար տարածք զբաղեցնող Կիրկորովի պալատն ապշեցնում է չափերով: Ըստ Eg.Ru-ի՝ առաջին հարկում աշխատասենյակն է, խոհանոցը, ճաշասենյակն ու հյուրասենյակը: Ձեղնահարկն արտիստը երեխաներին է տվել: 5-ամյա Ալլա-Վիկտորիան եւ 4-ամյա Մարտինն այնտեղ առանձին ննջարաններ ունեն, հանդերձարան, զուգարան: Նորագույն խաղալիքներով լի խաղասենյակն ընդհանուր է:

Երկրորդ հարկում Կիրկորովը մի քանի ննջարան է նախատեսել. իր համար, հոր՝ Պետրոսի եւ նրա կնոջ՝ Լյուդմիլայի, մորաքույր Մարիի, որը զբաղվում է Ֆիլիպի տնտեսությամբ: Այնտեղ նաեւ երեք հանդերձարան կա, լոգասենյակներ եւ երկու առանձին սենյակներ՝ Ֆիլիպի պարգեւների եւ երկրպագուներից ստացած արժեքավոր նվերների համար:

Բացի այդ՝ տան հարեւանությամբ առանձին շինություն կա՝ լողավազանով, մարզասրահով, շոգեբաղնիքով, 4 մեքենայի համար նախատեսված ավտոտնակով: Հողատարածքում 170 ք.մ. մակերեսով առանձին տուն կա՝ սպասավորների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների համար, ինչպես նաեւ շատրվան, խորովածի համար գոտի, թենիսի խաղահրապարակ, որը ձմռանը սահադաշտի է վերածվում, անձնական լողափ, փոքրիկ մատուռ:

Այս ամենը կառուցելու համար, շուկայի մասնագետների հավաստմամբ, արտիստն ավելի քան մեկ միլիարդ ռուբլի է ծախսել:



© NEWS.am STYLE