Շլացուցիչ Մերիլ Սթրիփը «Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինսում»՝ դերասանուհին մտադրվել է նվաճել իր չորրորդ «Օսկար» մրցանակը

16:15   29 հունվարի, 2017

«Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինս» ֆիլմը նոմինացվել է այս տարվա «Օսկար» մրցանակի երկու անվանակարգերում՝ «լավագույն դերասանուհի»՝ Մերիլ Սթրիփ և «հագուստների լավագույն դիզայն»՝ Կոնսոլատա Բոյլ:  Ես կցանկանայի հատկապես նշել Մերիլ Սթրիփի խաղը այս ֆիլմում, որտեղ նա՝ իրեն բնորոշ խորաթափանցությամբ և կերպարանափոխման տաղանդով, մարմնավորել է հարուստ, անտաղանդ Ֆլորենս Ֆոսթեր Ջենկինսի կերպարը: Այս իրականում գոյություն ունեցող տիկինը՝ 40-ականների մանհեթնյան բոհեմից, որը չէր խնայում ոչ իր ջանքերը և ոչ էլ փողերը օպերայի աշխարհում ճանաչում ստանալու համար, Մերիլ Սթրիփի կատարմամբ ներկայացված է որպես խարակտերային, իռոնիկ և փոքր-ինչ խոցելի, բայց միևնույն ժամանակ չվհատվող կին:

Հետաքրքիր է, որ Սթրիփը կարողացել է ստեղծել այնպիսի կերպար, որին ակամայից սկսում ես համակրել և անգամ հավանություն տալ իր՝ մեծ երգչուհի դառնալու ոչ արդարացված հավակնություններին:  Սթրիփը ստեղծել է փոքր-ինչ քմահաճ, բայց բարեսիրտ կնոջ  կերպար, որը, անցնելով կյանքի փորձություններով, պահպանել է իր մեջ երազանքներն ու բաղձալի նպատակին հասնելու ձգտումը: Այդ ձգտումն էլ նրան հասցնում է Քարնեգի Հոլ, որտեղ նրան վերջապես հաջողվում է համերգ տալ:

Բոլոր տոմսերը վաճառվում են, բայց այդքան սպասելի հաղթանակը իր համար վերածվում է ֆարսի, սկանդալի: Ըստ էության, նա հասնում է ճանաչման, բայց ոչ որպես օպերային երգչուհի, այլ՝ որպես օպերային երգչուհուն ներկայացնող  պարոդիայի կատարող:

Ես տպավորվեցի նրանով, թե ինչպես Սթրիփը այստեղ էլ կարողացել է տաղանդավոր ձևով նմանակել իր հերոսուհու աներևակայելիորեն անտաղանդ երգեցողությունը: Այդպիսի խարակտերային դերեր խաղալը հատկապես դժվար է՝ ասում եմ դա՝ որպես մարդ, ով որոշակի փորձառություն ունի այդ ամպլուայում, քանի որ դա պահանջում է դերասանից բազմակողմանիություն, էքսպրեսիվություն, բայց միևնույն ժամանակ նաև չափի զգացում, որպեսզի էքստրավագանտությունը և գրոտեսկը չվերածվեն անճաշակության, իսկ երբեմն էլ նույնիսկ գռեհիկության:

Նուրբ հումորը և իռոնիան, իսկ որոշ մասերում էլ ինքնահեգնանքը, ֆիլմին հաղորդում են յուրահատուկ կոլորիտ, և այդ իմաստով Հյու Գրանտի և Սայմոն Հելբերգի վառ և տպավորիչ խաղը արժանի է առանձնահատուկ ուշադրության, թեև ֆիլմին շարմ է տալիս, իհարկե, Սթրիփը:

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ «Դաննինգ-Քրյուգերի էֆֆեկտը» (մետակոգնիտիվ խանգարում է, որի ժամանակ մարդը չի կարողանում օբյեկտիվորեն գնահատել իր ունակությունները) և, որն, իմիջայլոց, վերագրվում էր նաև Ջենկինսին, լայն տարածում ունի ժամանակակից հասարակության մեջ և ինչն ամենից զավեշտալին է՝ նման մարդկանց, ի վերջո, հաջողվում է համոզել շրջապատին իրենց «արժանիքների» իսկության մեջ:  Ջենկինսի վերջին խոսքերը՝ «Որոշները կարող են ասել, որ ես երգել չէի կարողանում, բայց ոչ ոք չի կարող ասել, որ ես չեմ երգել»,— հաստատում են այդ միտքը:

Ֆիլմը արժե դիտել ոչ միայն Սթրիփի հիանալի խաղի համար, այլ նաև որպես հիանալի, ինտելեկտուալ առումով զվարճալի մի ֆիլմ: 

Գայանե Բաբայան



© NEWS.am STYLE