Շատ հետաքրքիր հայերի հետ եմ շփվել. ամերիկյան «Project Runway» շոուի հայտնի մոդելը` Հայդի Քլումին չճանաչելու եւ նախագծի դժվարությունների մասին

13:02   30 հունվարի, 2017

Իռլանդական ծագում ունեցող մոդել, երգչուհի եւ դերասանուհի Քոջի Հելնուեյնի անունը նորաձեւության աշխարհում հայտնի դարձավ 2009 թ-ին, երբ աղջիկը մասնակցեց ամերիկյան հայտնի «Project Runway», եւ «Models Of The Runway» հեռուստաշոուներին, որոնք վարում է հայտնի մոդել Հայդի Քլումը:

Յուրահատուկ արտաքինով Քոջիի հետ ցանկանում էին աշխատել տվյալ եթերաշրջանի գրեթե բոլոր դիզայներները, սակայն գեղեցկուհուն հաճախ բախտ էր վիճակվում աշխատել նախագծի ամենահմայիչ երիտասարդ դիզայերիներից մեկի` Լոգան Նեյցելի հետ:

Ճիշտ է, Լոգանն ու Քոջին չդարձան շոուի հաղթողներ, սակայն գեղեցկուհի մոդելի առջեւ դրանից հետո բացվեցին նոր ու հետաքրքիր հնարավորություններ:

Ինչպե՞ս է վերաբերավում Քոջին մոդելինգին, ի՞նչ դժվարությունների են հանդիպել մոդելները շոուի ընթացքում եւ ի՞նչ գիտի նա Հայաստանի մասին:

Հարցերի պատասխանները ճշտեցինք անձամբ Քոջի Հելնուեյնից` մեր բացառիկ հարցազրույցի միջոցով.

-Քոջի, գիտեմ, որ երաժիշտի ընտանիքում ես ծնվել եւ երաժշտությունը քո մանկության մեծ մասն է կազմել: Իսկ մոդելինգով ինչպե՞ս սկսեցիր զբաղվել:

-Հայրս երաժիշտ է եւ երգերի հեղինակ: Հիշում եմ, որ նա աշխարհով մեկ ճանապարհորդում էր, երբ ես փոքր էի, մինչդեռ մայրս մնում էր տանը: Նա հետաքրքրված էր արվեստով եւ իմ առօրյան էլ արվեստով հագեցած էր:

Երբ 10 տարեկան էի, հայրիկիս հետ սկսեցի կիթառ նվագել, բայց 4 տարեկանից արդեն նրա հետ երգեր էի գրում: 13 տարեկանում արդեն ունեի իմ սեփական բենդը եւ միասին համերգներ էինք տալիս Իռլանդիայում:

Մոդելնգով շատ ավելի ուշ եմ սկսել զբաղվել: 20 տարեկան էի, երբ ընկերներիցս մեկն ինձանից թաքուն լուսանկարներս ուղարկեց Իռլանդիայում գտնվող մի  մոդելային գործակալություն: Հաջորդ օրն այդ գործակալը ցանկացավ հանդիպել ինձ հետ եւ ես հայտնվեցի պոդիումի վրա Իռլանդիայի ամենահայտնի դիզայների` Ջոն Ռոշայի կողքին: Այդտեղ էլ հանդիպեցի նորաձեւության աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչների: Դրանից հետո ինձ սկսեցին հրավիրել տարբեր ցուցադրությունների, նույնիսկ ժամանակ չունեցա մտածելու` ցանկանո՞ւմ էի դառնալ մոդել, թե՞ ոչ:

-Եվ երգում ես, եւ նկարահանվում ես ֆիլմերում, եւ զբաղվում ես մոդելինգով: Այս մասնագիտություններից ո՞րն է քեզ ավելի հոգեհարազատ:

-Ես ինձ առաջնահերթ երաժիշտ եմ համարում: Կարծում եմ` դա այն է, ինչի համար ես ծնվել եմ: Բայց նաեւ շատ եմ սիրում դերասանական արվեստը; Հետաքրքիր է, երբ փորձում ես դառնալ մեկ ուրիշ մարդ եւ վերապրել նրա զգացումները: Ես ինձ երբեք մոդել չեմ համարել: Մոդելինգն ինձ համար առօրյա աշխատանք է, որն օգնում է գումար վաստակել, ինչպես օրինակ գումար կվաստակեի, եթե լինեի սրճարանի մատուցողուհի: Դրա միջոցով ես կարողանում եմ հոգալ ծախսերս` միեւնույն ժամանակ հանդպելով հրաշալի մարդկանց հետ: Ես երբեք չեմ երազել մոդել դառնալու մասին, բայց հաճույքով եմ աշխատում ցանկացած նախագծի շուրջ:

-Կպատմե՞ս` ինչպես հայտնվեցիր «Project Runway» նախագծում:

-Նախագծի այդ եթերաշրջանը նկարահանվել է մոտ 10 տարի առաջ, երբ ես դեռ Լոս Անջելեսում էի ապրում: Ես չէի էլ լսել այդ շոուի մասին: Երբ ինձ առաջարկեցին հանդես գալ այդ նախագծում, ես մերժեցի առաջարկը, քանի որ ցանկանում էի վերադառնալ Իռլանդիա` ընտանիքիս մոտ: Մի քանի օր ինձ հետ բանակցեցին եւ, ի վերջո, համոզվեցի եւ որոշեցի մասնակցել այդ շոուին: Սակայն ոչ մի գաղափար չունեի, թե ինչ է ինձանից պահանջվում, եւ նախագծի մյուս աղջիկներն առաջին շաբաթվա ընթացքում իմ յուրաքանչյուր քայլը բացատրում էին ինձ: Անկեղծ ասած, նույնիսկ, չէի ճանաչում Հայդի Քլումին, քանի որ իմ առօրյան միշտ հագեցած է եղել երաժշտությամբ եւ ես երբեք չէի նայում հեռուստացույց ու չէի ընթերցում նորաձեւության ամսագրեր:

-Հեռուստադիտողների համար հետաքրքիր է հետեւել «Project Runway»-ի ընթացքին` դիզայներների եւ մոդելների հարաբերություններին: Հետաքրքիր է` ձեզ` մասնակիցներիդ, համար ինչպե՞ս էին անցնում այդ նկարահանումները: Արդյոք ամեն ինչ նույնքան զվարճալի՞ էր, որքան երեւում էր հեռուստաէկրանից:

-Գիտեք` չեմ կարող բոլորի անունից պատասխանել այդ հարցին: 10 տարի է անցել իմ մասնակցությամբ եթերաշրջանի նկարահանումներից, բայց ես դեռ շատ լավ եմ հիշում, թե ինչպես էին բոլորը կարոտում իրենց ընտանիքներին, հոգնում էինք երկար նկարահանումներից: Եղել են օրեր, երբ արթնացել ենք առավոտյան ժամը 6-ին, իսկ օպերատորն արդեն մեր գլխավերեւում կանգնած նկարահանում էր մեզ, ուշ երեկոյան էլ դեռ շարունակում էինք այդ նկարահանումները: Այդ հոգնածությունն ավելի զգացմունքային էր դարձնում բոլորին: Հիշում եմ` շատերս վարակվել էինք գրիպով, բայց, նույնիսկ, հիվանդ վիճակում շարունակում էինք մեր ուժերի սահմանում նկարահանվել: Ինքս շատ թեթեւ էի ամեն ինչ տանում, բայց շատերի համար այդ նկարահանումներն, իսկապես, ծանր էին անցնում:

-Շոուի ընթացքում, հիմնականում, աշխատում էիր դիզայներ Լոգան Նեյցելի հետ: Հաղորդման ավարտից հետո կապ պահո՞ւմ եք:

-Ոչ, ցավոք սրտի, Լոգանին չեմ տեսել շոուի ավարտից հետո, քանի որ մենք շատ հեռու ենք միմյանցից բնակվում…

-Քոջի, եւ մայր ես, եւ մոդել: Հե՞շտ ես համատեղում ընտանեկան կյանքն ու մոդելինգը:

-Անգամ եթե մոդել չլինեի, ցանկացած այլ աշխատանքի եւ ընտանիքի համատեղելիությունը նույն բանն է: Ցանկացած մայր, որն աշխատում է, ունենում է նույն դժվարությունները: Մի կողմից ցանկանում ես օրվա 24 ժամն անցկացնել երեխաներիդ հետ, մյուս կողմից աշխատելն, իսկապես, անհրաժեշտություն է: Կան օրեր, որոնք ավելի թեթեւ են լինում, որոշ օրեր ավելի ծանրաբեռնված են լինում, բայց ես երջանիկ եմ, որովհետեւ ունեմ ընտանիք, որն ինձ ցանկացած պարագայում պատրաստ է աջակցել: Պարզապես, պետք է լինես համբերատար եւ կարողանաս ճիշտ պլանավորել օրդ:

-Կցանկանայի՞ր, որ քո աղջիկներն էլ դառնային մոդելներ:

-Երեխաներս արդեն որոշ չափով զբաղվում են մոդելինգով: Երբ նրանց որեւէ նախագծում առաջարկում են որպես մոդել նկարահավել, ես ոչինչ չեմ ստիպում, առաջնահերթ հարցնում եմ նրանց կարծիքը, սակայն նրանք, գրեթե, միշտ մերժում են այդ առաջարկները: Երեխաներիս մոդելինգը հետաքրքրում է միայն այն ժամանակ, երբ տվյալ նախագիծը ինչ-որ զվարճանք է ենթադրում, կամ էլ, եթե պետք է նկարվենք ամբողջ ընտանիքով, կամ իրենց սիրելի արտիստի հետ:

Ասում են` գեղեցիկ երեխաներ ունեմ, որոնք անպայման պետք է զբաղվեն մոդելինգով, բայց ինքս չէի ցանկանա, որ նրանք հայտնվեին այդ աշխարհում: Չեմ ցանկանում, որ իրենք էլ կենտրոնանան միայն իրենց արտաքին գեղեցկության վրա: Ես միշտ երեխաներիս սովորեցնում եմ, որ խելքն ու հնարամտությունն ավելի արժեքավոր բաներ են: Մեծ աղջիկս 10 տարեկան է, բայց արդեն իր բիզնեսն է սկսել: Նա անպետք իրերից խաղալիքներ է պատրաստում եւ դրանք վաճառում է օնլայն տարբերակով: Կրտսեր աղջիկս երաժշտությամբ է հետաքրքրված, իսկ որդիս սիրում է փայտից իրեր պատրաստել, դհոլ է նվագում եւ սպորտով է զբաղվում:

-Ասում են` մոդելները հաճախ շատ դժվարությունների են բախվում: Որո՞նք են եղել քեզ համար մոդելային կյանքի դժվարությունները:

-Երբ սկսեցի զբաղվել մոդելինգով, միայն դրական էմոցիաներ ստացա: Կարծում եմ` դա նրանից է, որ երբեք չէի երազել այդ աշխատանքի մասին: Երբ ինձ չէին ընտրում որեւէ քասթինգի ժամանակ, ես, առհասարակ, չէի նեղսրտում, որովհետեւ իմ կյանքում ուրիշ հետաքրքրություններ էլ կային` արվեստը, դերասանությունը, երաժշտությունը: Մոդելինգն ինձ համար, պարզապես, գումար վաստակելու միջոց էր եւ ես երբեք չեմ ցանկացել հաջողակ կամ հայտնի մոդել դառնալ;

-Այս պահին ի՞նչ նոր նախագծի շուրջ ես աշխատում:

-Հիմա Եվրոպայում ավելի շատ զբաղվում եմ դերասանությամբ: Իմ մասնակցությամբ մի քանի ֆիլմեր արդեն ներկայացվել են տարբեր փառատոնների: Վերջերս էլ Կանադայում ստացա «Լավագույն դերասանուհի» մրցանակը, ինչի համար շատ ուրախ եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ մոդելներին:

-Մի կորցրեք ձեր «ես»-ը, կիսատ մի թողեք դպրոցը: Ստացեք կրթություն եւ բացահայտեք ձեր մեջ եղած այլ տաղանդներն ու հետաքրքրությունները: Ձեր խելքն ու բանիմացությունն ավելի շատ կգնահատեն, քան ձեր արտաքինը: Բացի այդ` հետաքրքրվեք նաեւ այն մարդկանցով, որոնք ձեզ շրջպատում են եւ մի փորձեք միայն ինքներդ լինել նրանց հետաքրքրության կենտրոնում:

-Եվ վերջում, ուղղակի կցանկանայի իմանալ` ի՞նչ-որ բան գիտեիր Հայաստանի մասին, մինչեւ մեր հարցազրույցը:

-Այո, իհարկե; Իմ կարիերայի ընթացքում բախտ եմ ունեցել շփվելու շատ հետաքրքիր հայերի հետ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Brenden Morissey, Reid Rolls 



© NEWS.am STYLE