«Եվրատեսիլ- 2017»-ի կարգախոսն ու լոգոն

17:30   30 հունվարի, 2017

Մինչ «Եվրատեսիլ- 2017»-ին մասնակցության հայտ ներկայացրած 43 երկրների ներկայացուցիչներ (այդ թվում նաեւ հայաստանյան պատվիրակ Արծվիկը) պատրաստվում են տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությանը, Եվրոպական հեռարձակողների միությունն ու մրցույթի կազմակերպիչներից ուկրաինական կողմը ներկայացրել են այս տարվա կարգախոսն ու լոգոն։

«Տոնիր բազմազանությունը». սա է մրցույթի կարգախոսը 2017-ին։

Фото опубликовано Eurovision Song Contest (@eurovision)

««Տոնիր բազմազանությունը» հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» կարգախոսի վրա, եւ այն եվրոպական արժեքների կենտրոնում է։ Կարգախոսը վերաբերում է բոլոր երկրներին Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս եւ կոչ է միավորվելու եւ տոնելու մեր նմանություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ հիանալի երաժշտությունը»,- կարգախոսի ընտրության մասին պատմում է մրցույթի գործադիր ղեկավար Յուն Ուլա Սանը։

Եվրատեսիլի պաշտոնական կայքում նաեւ ներկայացվում է մրցույթի այս տարվա լոգոն։ Այն կազմված է տարբեր ուլունքներից, որոնցից ամեն մեկն ունի իր դիզայնը, միաժամանակ իր բազմազանությունն ու անհատականությունը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2017»-ը տեղի է ունենալու մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։ 



© NEWS.am STYLE