Համացանցում հայտնվել է «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի թրեյլերը

15:36   31 հունվարի, 2017

Youtube–ի Comicbook.com–ի ալիքում հայտնվել է «Beauty and the Beast» («Գեղեցկուհին եւ հրեշը») ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերում են Էմմա Ուոթսոնը, Լյուկ Էվանսը եւ Դեն Սթիվենսը, Յուեն ՄակԳրեգորը, Էմմա Թոմփսոնը, Սթենլի Թուչչին, Ջոշ Գադը, Իեն Մաքքելենը եւ այլ դերասաններ։

Հեքիաթային պատմության նոր տարբերակի ռեժիսորն է Բիլ Քոնդոնը, որն ավելի վաղ նկարահանել էր «Մթնշաղներ» կինոասքի 2 մասերը։

Հանդիսատեսի առաջ կզարգանա սիրո հեքիաթային պատմությունը. հորը փրկելով՝ Բելլը դառնում է խորհրդավոր ամրոցի Հրեշի գերին։ Եվ եթե սկզբում աղջիկը տհաճություն է զգում հրեշի հանդեպ, ապա ժամանակի հետ սկսում է կարեկցել նրան եւ իմանում է նրա գաղտնիքը։

Ժամանակին կախարդ Ագաթան արքայազն Ադամին վերածել էր հրեշի այն բանի համար, որ վերջինս չար էր, կոպիտ եւ ինքնասիրահարված։ Որպեսզի կախարդանքը հանվի, նա պետք է սովորեր բարի դառնալ եւ սիրվել։ Բայց դա պետք է տեղի ունենա նախքան վարդի վերջի թերթիկի ընկնելը…

«Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 15–ին։



© NEWS.am STYLE