Զույգն ամուսնացել է հիվանդանոցում, որպեսզի քաղցկեղով հիվանդ որդին մասնակցի արարողությանը

12:47   1 փետրվարի, 2017

Օհայոից Սիլիա եւ Ջեֆ Քինզելները նշանադրությունից հետո պլանավորել էին մյուս տարի ամուսնանալ։ Բայց զույգի որդու՝ փոքրիկ Լոգանի մոտ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշվելուց հետո, ծնողների ծրագրերը փոխվեցին։ Զույգը հարսանիքի նոր օր եւ վայր որոշեց, որպեսզի իրենց երկու երեխաներն էլ մասնակցեն պսակադրությանը։

Այսպիսով, 26-ամյա Սիլիան եւ 32-ամյա Ջեֆը հարսանիքը կազմակերպել են հիվանդանոցում, եւ Լոգանը նույնպես ներկա է եղել ծնողների կյանքի ամենակարեւոր օրվան։

Հարսանեկան արարողության ամբողջ ընթացքում օրվա հերոսները եղել են ոչ միայն հարսն ու փեսան, այլեւ Լոգանը, որը գրեթե ամեն րոպե ցանկացել է հայրիկի գրկում լինել։

Չնայած արարողությանը հրավիրված են եղել ընդամենը 15 հյուր եւ անցկացվել է հիվանդանոցում՝ Սիլիանի համար այն իդեալական է անցել.

«Թվում է՝ հիվանդանոցում հարսանիքը տխուր է լինելու, բայց թախծելու ոչինչ չկար։ Այն կատարյալ էր»,- պատմել է երկու երեխաների մայրիկը։

Չնայած փոքրիկն արդեն վիրահատվել է (մեծ ուռուցքը հեռացվել է, իսկ փոքրերի ծավալները նվազել)՝ ծնողները մտածել են, որ «ամեն ինչ կարող է պատահել».

«Երկուսիս համար էլ կարեւոր էր, որ մեր երկու երեխաներն էլ ներկա լինեն տոնին ու նշեն այն մեզ հետ»,- պատմել է 26-ամյա կինը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE