Ֆրանսուհի Իզաբել Յուպերը՝ «Օսկարի»հավակնորդների թվում. «Նա» ֆիլմը՝ NEWS.am STYLE-ի վերլուծությամբ

19:05   2 փետրվարի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել «Օսկարին» առաջադրված ֆիլմերի տեսությունը։ Ճիշտ է, Ամերիկյան կինոակադեմիան լավագույնների անունները կհայտարարի փետրվարի 26-ին, բայց մենք մինչ այդ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել «Նա» ֆիլմին՝ Իզաբել Յուպերի դերակատարմամբ. ի դեպ, Յուպերը նոմինացված է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Պոլ Վեռխովենի «Նա» ֆիլմի (“Elle”) գլխավոր դերակատար Իզաբել Յուպերը նոմինացվել է «Օսկար» մրցանակի «լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ֆիլմը թրիլեր/դրամա ժանրում է՝ լիովին համապատասխանելով այս ժանրի ոճական առանձնահատկություններին: Կինոնկարի գրավիչ սյուժեն առաջին իսկ կադրերից գամում ՝ էկրանին, իսկ ֆիլմի դրամատիկ հենքը պահում է մշտական լարվածության մեջ: Յուպերի հերոսուհին բալզակյան տարիքի կայացած կին է, ով չի կորցրել իր հմայքը, բայց միևնույն ժամանակ տարօրինակ է և սառը: Միայն ֆիլմի կեսին պարզ են դառնում նրա սառնության և որոշակի օտարվածության պատճառները... Յուպերը կարողացել է ստեղծել բարդ և հոգեբանական շերտերով հարուստ կերպար: Հատկանշական է ռեժիսորական նուրբ աշխատանքը, որում ռեժիսորին հաջողվել է կարճ դրվագներում աստիճանաբար, գլուխկոտրուկի պես բացահայտել հերոսուհու հոգեբանական դիմանկարը:

Օրինակ՝ հերոսուհու երկխոսությունները երկրորդական կերպարների հետ ստանում են առավել մեծ նշանակություն իր կերպարի և սյուժետի բացահայտման համար, քան մյուս բոլոր տեսարանները: Նա կարծես մենախոսության մեջ է մտնում այդ երկխոսություններում՝ կիսվելով իր մտքերով և զգացմունքներով, կարծես հաստատելով այն ճշմարտությունը, որ անծանոթների հետ երբեմն ավելի հեշտ է կիսվել, քան հարազատների:

Յուպերը կարողացել է ներկայացնել իր հերոսուհու խճճված, հակասական հարաբերությունները մյուս հերոսների հետ՝ դրանց երանգների ողջ բազմազանությամբ:  Նա իսկապես մեծ դիապազոն ունեցող դերասանուհի է, հոգեբանական խաղի գիտակ և առանձնանում է խաղի չափավոր զսպավուծությամբ: Ինձ թվում է, որ Յուպերը իսկապես արժանի է իր «Օսկարին», բայց, անշուշտ, Մերիլ Սթրիփի հետ լուրջ մրցակցության մեջ է: Հետաքրքիր է, որ, ինչպես նշվում է մամուլում, հոլիվուդյան դերասանուհիները հրաժարվել են այս դերից և միայն Յուպերն է գնացել ռիսկի. կարելի է վստահորեն ասել, որ ռիսկն արդարացված էր:

Բռնության, էրոտիզմի թեմաներն ու բաց տեսարանները ֆիլմում արված են չափի զգացումով և զերծ են ավելորդություններից: Այս հատկությունը կինոնկարի արժանիքն է՝ ոչ ռեժիսորը, ոչ էլ դերասանուհին չեն շահարկում դիտողի զգացմունքները՝ նպատակ չդնելով հասնել ընկալման մակերեսային և արտաքին էֆֆեկտների: Ինչն ինձ այդքան էլ դուր չեկավ ֆիլմում կինոնկարի վերջն է: Իմ կարծիքով դրանում որոշակի չասավածություն կա, ինչը ընկալվում է որպես ռեժիսորական բացթողում: Յուպերի կերպարի ներքին տրամաբանական գիծը որոշակի պահին ընդհատվում է:

Ընդհանուր առմամբ, ֆիլմը արժանի է դիտման, հեշտ և հետաքրքիր է նայվում, այնպես որ կինոդիտման արժե հատկացնել երկու ժամ: 



© NEWS.am STYLE