Ռիհանան՝ Bates Motel սերիալի եզրափակիչ սեզոնի թրեյլերում

13:35   2 փետրվարի, 2017

Ռիհանան ակնհայտորեն ներգրավվել է կինոարվեստում: Բացի այն, որ հաջորդ տարի մենք նրան կտեսնենք «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում, փետրվարի 20-ին կմեկնարկի նաեւ Bates Motel («Բայթս մոթելը») սերիալի հինգերորդ եթերաշրջանը, որտեղ Ռիհանան հանդես կգա Մերիոն Քրեյնի դերում:

Youtube-ի A&E ալիքում հրապարակվել է սերիալի թրեյլերը:

Դրանում Ռիհանան միայն մի քանի վայրկյան է երեւում, բայց դա էլ բավական է. համենայն դեպս, հիմա մենք կարող ենք երգչուհուն պատկերացնել իր հերոսուհու կերպարում, որի համար Ռիհանան նորից կարճ սանրվածք է ընտրել:

Հիշեցնենք, որ Bates Motel-ը Ալֆրեդ Հիչքոկի Psycho լեգենդար ֆիլմի պրիքվելն է: Ժապավենի սյուժեի համաձայն՝ Մերիոն Քրեյնը, որին էլ սերիալում մարմնավորել է Ռիհանան, մեծ գումար է թալանում եւ որոշում է թաքնվել գավառական քաղաքի մոթելում: Պարզվում է, որ մոթելի սեփականատերը տառապում է անձի երկվությամբ, եւ լոգարանում սպանում է Մերիոնին: Քրեյնի սպանության տեսարանը համաշխարհային կինեմատոգրաֆիայի լավագույն տեսարաններից է համարվում։ Այնպես որ, Ռիհանայի ուսերին լուրջ պատասխանատվություն է ընկած, քանզի ակնկալվում է, որ սերիալում նույնպես այդ տեսարանը տեղ կգտնի:

 



© NEWS.am STYLE