Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Վալերի ՄաքՔեֆրին՝ հայկական հեռուստասերիալների եւ ժամանակակից կինոարտադրության մասին

12:02   3 փետրվարի, 2017

Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր Վալերի ՄաքՔեֆրին մեր առաջին հայրենակիցներից էր, որը հաստատուն քայլերով նվաճեց համաշխարհային կինոարտադրությունը:

Որպես պրոդյուսեր եւ քասթինգի տնօրեն՝ Վալերին աշխատել է այնպիսի հայտնի ֆիլմերի շուրջ, ինչպիսիք են՝ «Ամերիկյան պատմություն X», «Լեգենդ 1900», «Լավագույն առաջարկը» եւ այլն՝ համագործակցելով հոլիվուդյան աստղեր Էդվարդ Նորթոնի, Դեննի դե Վիտոյի, Թիմ Ռոթի եւ այլ հայտնիների հետ:

Հայ հանդիսատեսին, հատկապես, հայտնի է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը, որտեղ Վալերին հանդես է եկել որպես պրոդյուսեր:

Նոր նախագծերի, հայկական հռուստասերիալների եւ, առհաարակ, կինոարտադրության մասին բացառիկ հարցազրույց ենք ունեցել Վալերիի հետ: Մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Վալերի,  հայ ֆիլմասերներին Ձեր աշխատանքներից, հատկապես, ծանոթ է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը: Հետաքրքիր է՝ ներկա դրությամբ ի՞նչ նոր նախագծերի շուրջ եք աշխատում:

-Մի նախագիծ ունեմ, որը կոչվում է «Գրանիտե մարդը», որը մի ամերիկացու մասին է. նա ունի շատ տարօրինակություններ, բայց անկախ այդ ամենից նրան հաջողվում է դառնալ բասկետբոլի պետական մրցույթի հաղթող` չնայած նա խորը դեպրեսիայի մեջ էր: Մյուս նախագիծը, որի շուրջ աշխատում եմ, կոչվում է «Ամեն ինչ եփվելու է»:

Այն մի մոր մասին է, որն անդադար աշխատում է, մինչ նրա որդին տարված է մարիխուանայով:

Առհասարակ, ես հասարակությանը հուզող թեմաներին եմ անդրադառնում՝ թե դրամայի, թե կատակերգության միջոցով:

-Եկեք խոսենք Ձեր «Dirty Bomb» («Կեղտոտ ռումբը») ֆիլմից: Այն Երկրորդ համաշխարհայինի մասին է: Ի՞նչը դրդեց  Ձեզ  պատերազմի մասին ֆիլմ նկարահանել: Ինչ-որ անձնական պատմություն կա՞ կապված թեմայի ընտրության հետ:

-Իմ հորեղբայրը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ծառայել է գեներալ Փաթթոնի մոտ: Ահա, թե ինչպես այդ պատմությունը հայտնվեց իմ մտքում: Ես ցանկացա պատմել այս պատմությունը, քանի որ ինչպես հայտնի է` հայերն էլ են անցել նույն բանի միջով, ինչ որ հրեաները: Այնուամենայնիվ, ես այս պատմությունն ավելի հաստատուն եմ ցանկանում ներկայացնել` այն կապելով ամերիկացի զինվորների հետ, որոնք իրենց կյանքը կորցրին այդ ծանր ժամանակաշրջանում: Երկու զուգահեռ պատմություններ, որոնք մի բանի մասին են` պայքար` հանուն կյանքի, ազատագրման եւ ազատության, եւ յուրաքանչյուր զոհաբերություն արվում է դրա համար:

-Մեր օրերում հեռուստատեսությունը ողողված է ահաբեկչության, ռմբակոծության, սպանությունների ու բռնության մասին հաղորդումներով ու ֆիլմերով: Ո՞րն է Ձեր ֆիլմի գլխավոր հաղորդագրությունը:

-Ես ցանկանում էի պատմել այս հերոսական պատմությունը, թե ինչերի ենք մենք դիմում մյուսներին պատերազմից պաշտպանելու համար: Այստեղ պատմվում է մի հրեա բանտարկյալի մասին, որը կիրառում է մահացու V-2 ռումբը` մեր զինվորների կյանքը փրկելու համար:  Մոտ 200 հրեա բանտարկյալների կախաղան են հանում դիվերսիոն գործողությունների համար եւ այդպես թողնում են 4-5 օր` մյուս բանտարկյալներին սարսափեցնելու համար:

Մյուս կողմից էլ ներկայացված են ամերիկացի զինվորները, որոնք տառապում են խստաշունչ ցրտից եւ ողջ մնալու ոչ մի ծրագիր չունեն: Այս ճակատամարտը տեղի ունեցավ Հիտլերի անակնկալ հարձակման հետեւանքով, իսկ V-2 ռումբը դարձավ նրա վերջին հույսը հաղթանակի հասնելու:

-Ֆիլմի նկարահանման համար Դուք դիմել եք crowd funding-ի միջոցին: Սա Ձեր կողմից հուսահատ քա՞յլ է, թե՞, պարզապես, չեք ցանկանում դիմել մեծ կինոընկերություններինորպեսզի Ձեր ֆիլմն անկախ լինի եւ զերծ մնա սցենարային փոփոխություններից:

-Սա կարճամետրաժ ֆիլմ է եւ, սովորաբար, մարդկանց կողմից հատկացված գումարի միջոցով են իրականանում նման ծրագրերը: Սա այն ուղղությունն էր, որը ես ընտրեցի: Ի դեպ, լավ արձագանքներ եմ ստանում, ինչն ինձ, իսկապես, ոգեւորում է:

-Երբեմն մենք դիտում ենք ֆիլմեր եւ նկատում, որ գլխավոր դերակատարն այնքան էլ ճիշտ ընտրված չէ տվյալ դերի համար: Դուք բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում հանդես եք եկել՝ որպես քասթինգի տնօրեն: Ինչպե՞ս եք կայացնում դերասանների ընտրությունը:

-Ես դեռ երիտասարդ տարիքից հետաքրքրված եմ եղել դերասանական արվեստով: Ես սկսեցի սովորել այն, եւ դա այն ժամանակահատվածն էր, երբ հայերն այդքան էլ հայտնի չէին ասպարեզում: Ես հաճախ էի թատրոն գնում, կարդում էի սցենարներ…Եվ միայն այդ ժամանակ կարողացա հասկանալ դերասանական նրբությունները: Ինձ շատ է տպավորել «Արամ, Արամ» ֆիլմի կազմը եւ ես, առհասարակ, փորձում եմ ամբողջ աշխարհում գտնել տաղանդավոր հայ դերասանների:

-Ինչ եք կարծում՝ օր օրի զարգացող IT տեխնոլոգիաները կարո՞ղ են ֆիլմարտադրությունը վերածել զուտ ժամանացի, թե՞ կինոն, այնուամենայնիվ, կմնա արվեստի մի ճյուղ:

-Ես հույս ունեմ, որ կինոն կմնա արվեստի ճյուղ, հակառակ դեպքում ստիպված կլինեմ ինձ համար նոր զբաղմունք գտնել: Մենք չենք կարող մարդկանց եւ պատմությունները փոխել: Ես վստահ եմ, որ մենք կպայքարենք հանուն արվեստի:

Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմից հետո հայ հանդիսատեսի համար բացահայտում էր դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որը նկարահանվել է նաեւ Հոլիվուդյան այնպիսի նախագծերում, ինչպիսիք ենք՝ Westworld-ը, Twilight-ը եւ այլն: Այժմ նկատո՞ւմ եք այնպիսի հայ դերասանների, որոնց եւս հետագայում, միգուցե, տեսնենք հոլիվուդյան ֆիլմերում:

-Կարծում եմ` հրաշալի կլիներ, եթե մենք ունենայինք մի այնպիսի հեռուստասերիալ, որը գլոբալ կլիներ եւ կհետաքրքր աշխարհին: Հայաստանում շատ տաղանդավոր դերասաններ կան, որոնց ես շատ եմ կարոտել:

-Վերջին շրջանում Հայաստանում ավելացել է հեռուստասերիալների քանակը: Շատերի կարծիքով, սակայն, մենք  ունենք լավ տեխնիկա, դերասաններ, բայց  չունենք սցենարային բարձր որակի հեռուստանախագծեր:  Այստեղ մտածո՞ւմ եք նոր հեռուստանախագիծ իրականացնել:

-«Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմի հիմնադիրներից Գոռն ու Մարալը, ինչպես նաեւ ես մի նախագիծ ենք մտածել երեխաների համար: Շատ շուտով այն կարող է  իրականություն դառնալ: Այն մանկական պատմություն է, մենք դեռ գումար ենք հավաքում դրա հետագա աշխատանքների համար:

Լավ սցենարը մեծ դեր է խաղում հեռուստատեսային պատմության մեջ: Կարծում եմ` հայկական հեռուստատեսության մեջ, նախ եւ առաջ, գրելու ձիրքը պետք է զարգացնել: Սա ժամանակի եւ փորձի խնդիր է եւ ես հույս ունեմ, որ ապագայում ամեն ինչ ավելի լավ կլինի:

-Եվ վերջում, պարզապես, կցանկանայինք իմանալ՝ ի՞նչ խորհուրդ կտայիք ֆիլմասերներին: Ի՞նչ սկզբունքով ընտրեն, թե որ ֆիլմը կարելի է դիտել: Որովհետեւ շատ հաճախ տվյալ ֆիլմի թրեյլերը բացարձակ չի համապատասխանում դրա բովանդակությանը:

-Ես առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում ներկայացված պատմությանը: Արդյոք դա ա՞յն է, ինչ ես ցանկանում եմ տեսնել: Ո՞վ է ռեժիսորը: Ովքե՞ր են նկարահանվել ֆիլմում: Արդյոք մի բան կսովորե՞մ կամ կզգա՞մ տվյալ ֆիլմը դիտելուց: Առհասարակ, ֆիլմ դիտելիս փորձում եմ կտրվել իրականությունից, ինչպես, օրինակ, «Լա Լա Լենդ»-ի դեպքում եղավ: Այնպիսի տպավորություն էր, ասես, հենց դերասանների հետ նստած լինեի: Ինձ համար դա շատ կարեւոր հատկանիշ է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE