Անդերս Բրեյվիքի ահաբեկչության մասին մյուզիքլ են գրել

11:49   25 մարտի, 2013

Բրիտանական դրամատուրգ Դեւիդ Գրիգը Ուտոյա կղզում նորվեգացի Անդերս Բրեյվիքի իրականացրած ահաբեկչության մասին մյուզիքլ է գրել:

Ըստ The Guardian-ի, Գրիգը եւ բեմադրող ռեժիսոր Ռեմին Գրեյը ողբերգությունից 3 ամիս անց այցելել են Օսլո: Նրանք զրուցել են ահաբեկչության ականատեսների եւ մահացածների հարազատների հետ: Մյուզիքլի հեղինակներն իրենց ճամփորդության նպատակն անվանել են մարդկային կարեկցանքի սահմանների ուսումնասիրություն, այսինքն՝ Բրեյվիքի հանցագործությունը հասկանալու փորձ: Մյուզիքլը կներկայացվի «Իրադարձություն» անվամբ եւ Լոնդոն ուղեւորվելուց առաջ կցուցադրվի շոտլանդական Traverse Theatre թատրոնի բեմում: Հատկանշական է, որ Բրեյվիքի անունը ներկայացման մեջ չի հիշատակվելու: Նրա փոխարեն կներկայացվի մտացածին կերպար:



© NEWS.am STYLE