Ջոնի Դեփը, Խավիեր Բարդեմը եւ Օռլանդո Բլումը՝ «Կարիբյան ծովի ծովահենների» շարունակության նոր թրեյլերում

14:11   6 փետրվարի, 2017

Մինչ մոլորակը քննարկում է Սուպերբոլի եզրափակիչում Լեդի Գագայի ելույթը, կինոմանների ուշադրության կենտրոնում խաղի գովազդային ընդմիջման ժամանակ հայտնված «Կարիբյան ծովի ծովահենների» շարունակության՝ Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales ֆիլմի նոր թրեյլերն է:

Ընդամենը մի քանի վայրկյան, բայց կադրերում, ամեն դեպքում, հայտնվել է կեղտոտ եւ ռոմի շիշը ձեռքի կապիտան Ջեք Ճնճղուկը, որին ինքներդ էլ գիտեք՝ ով է մարմնավորում:

«Այսպիսին է ծովահենի կյանքը»,- հայտարարում է Դեփը:

19 վայրկյան տեւողությամբ հոլովակում երեւացել են նաեւ Խավիեր Բարդեմը (Դեփի հերոսի հակառակորդ կապիտան Սալազար) եւ Օռլանդո Բլումը (Ուիլ Թերներ):

Նոր ֆիլմի սյուժեի համաձայն՝ այս անգամ Ջեքն ընկերների հետ գնում է Պոսեյդոնի հզոր եռաժանին որոնելու, որը ծովերի վրա լիարժեք հսկողություն է նվիրում իր տիրոջը: Միայն եռաժանին կարող է օգնել փրկվել Սալազարից ու նրա կողմնակիցներից:

Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի մայիսի 24-ին:



© NEWS.am STYLE