Թամար Կապրելյանը` «Սարերի հովին մեռնեմ» հայտնի երգին անդրադառնալու եւ Լարիսա Ռայանի հետ համագործակցության մասին

14:15   7 փետրվարի, 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը Genealogy խմբի կազմում ներկայացրած ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը շուտով իր երկրպագուների դատին կհանձնի Հովհաննես Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ» սիրված ստեղծագործության իր տարբերակը, որը նա ձայնագրել է «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության նախագահ, երգչուհի Լարիսա Հովհաննիսյանի հետ (Լարիսա Ռայան) :

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Թամարը տեղեկացրեց, որ հայտնի ստեղծագործության իրենց կատարումն ու տեսահոլովակը հասանելի կլինեն փետրվարի 13-ին:

«Լարիսային շատերդ կհիշեք Սերժ Թանկյանի հետ իր զուգերգով: Միասին մենք որոշեցնք ներկայացնել այս սիրված երգի ժամանակակից տարբերակը»,-նշեց Թամարը` պատասխանելով նաեւ, թե ինչու հենց Լարիսայի հետ որոշեց հանդես գալ զուգերգով.

«Ցանկանում էի զուգերգով հանդես գալ ուժեղ եւ խելացի հայ աղջկա հետ: Այս աշխատանքով մենք ցանկանում ենք ապացուցել, որ կանայք շատ հեշտությամբ կարող են համագործակցել եւ ստեղծել արվեսի հրաշալի մի գործ»,-հավելեց նա:

Ի դեպ, անցած տարի Թամար Կապրելյանը Երեւանում իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը` ստեղծելով «Նվակ» նախագիծը, որի նպատակն է բացահայտել տաղանդավոր հայ երիտասարդներին` հնարավորություն տալով նրանց ներկայացնելու իրենց ստեղծագործությունները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE