Այս աշխարհում ամենասեքսուալ բանը խելացի եւ հանճարեղ լինելն է. Էշթոն Քաթչերը դարձավ 39 տարեկան

17:03   7 փետրվարի, 2017

Այսօր ծննդյան 39-ամյակն է նշում Հոլիվուդի ամենահմայիչ, ամենահումորով եւ յուրահատուկ դերասաններից մեկը` Էշթոն Քաթչերը:

Կատակերգություններում փայլող դերասանի մանկությունը ոչ այնքան ուրախ է անցել: Այն, կարելի է ասել, ավելի շատ հիշեցրել է դրամայի: Նրա համար, իսկական, փորձություն է եղել տեսնել սրտային հիվանդություն ունեցող եղբոր տանջանքները: Դերասանը խոստովանել է, որ եղել են օրեր, երբ չի ցանկացել տուն վերադառնալ, քանի որ գիտեր` հնարավոր է եղբայրը կրկին իրեն վատ է զգում, իսկ նա չէր ցանկանում տեսնել այդ տեսարանը:

Դերասանը նաեւ պատմել է, որ, նույնիսկ, ինքնասպանության փորձեր է կատարել: 13 տարեկան հասակում նա ցանկացել է նետվել բարձրահարկ շենքից, սակայն, բարեբախտաբար, նրա հայրը ժամանակին հասել է օգնության:

Ի ուրախություն շատերի` ապագա սրտակերին հաջողվում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու դառնալ Հոլիվուդի ամենասիրված ու հմայիչ աստղերից մեկը:

Էշթոնը գրավել է բազմաթիվ աղջիկների, այդ թվում նաեւ հայտնի դերասանուհիների սրտեր: Տեւական ժամանակ Քաթչերն ամուսնացած է եղել գեղեցկուհի Դեմի Մուրի հետ, որը նրանից մեծ է 15 տարով: Այսօր Էշթոնի կնոջ կարգավիճակում մեկ այլ հոլիվուդյան գեղեցկուհի է` Միլա Կունիսը: Միասին նրանք մեծացնում են իրենց երկու զավակներին` 3-ամյա Ուայթ Իզաբելին եւ 4 ամսեկան որդուն` Դիմիտրի Պորտվուդ Քաթչերին:

Հոլիվուդյան սրտակերի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Այս աշխարհում ամենասեքսուալ բանը խելացի եւ հանճարեց լինելն է: Մնացած ամեն ինչն անցողիկ է»:

«Իմ ծնողներն ինձ չեն կարողացել ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերել, բայց նրանք ինձ են փոխանցել իրենց գեները: Հայրս շատ հմայիչ տղամարդ է, իսկ մայրս` իսկական գեղեցկուհի»:

«Շատ մարդիկ սոցիալական ցանցի իրենց էջերն օգտագործում են ինքնահաստատման եւ սեփական փառքը ցույց տալու համար: Իսկ ես այնտեղ, պարզապես, հետաքրքիր նյութերով եմ կիսվում»:

«Մի բավարարվիր նրանով, ինչ ստանում ես: Փորձիր կյանքդ ավելի լավը դարձնել` կառուցելով ինչ-որ նոր բան»:

«Քո լավագույն շապիկը պետք է անկողնուդ նման լինի: Այն, պարզապես,պետք է հարմարավետ լինի»:

«Մոդելինգն ինձ դուր է գալիս, քանի որ այն քեզանից պահանջում է երեւալ սեքսուալ, ինչն ինձ մոտ լավ է ստացվում: Այո, ես դա կարողանում եմ»:

«Կյանքն ավելի լայն է դառնում, երբ մի բան ես գիտակցում: Դա է այն է, որ այս կյանքում ցանկացած բան ստեղծվել է մարդկանց կողմից, որոնք քեզանից ավելի խելացի չեն եղել»:

«Ես, հավանաբար, երբեք չեմ լինի Հոլիվուդի լավագույն դերասանը, բայց ինձ վստահորեն կարելի է կոչել աշխատասեր դերասան»:

«Ես հասկացել եմ, թե որքան արժեքավո բան է անձնական կյանքի գաղտնիությունը: Կյանքում, իսկապես, կան բաներ, որոնք պետք է միայն քեզ վերաբերեն, ինչպիսին օրինակ` հարաբերություններն են»:

«Միշտ ծալիր թեւքերդ: Այդպես այնպիսիսի տպավորություն ես ստեղծում, ասես աշխատում ես: Անգամ, եթե դա այդպես չէ…»:

«Ես չեմ կարդում այն էժանագին ամսագրերը, որոնք «գողանում են» քո լուսանկարը` փող ստեղծելու նպատակով»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE