Մենք հպարտանում ենք քեզնով, առա՛ջ. Գարիկ Մարտիրոսյանը աջակցել է 15-ամյա հայուհուն

16:25   7 փետրվարի, 2017

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սան Անգելինա Պապիկյանը շուտով հայտնվելու է ռուսական «Ты супер!» երաժշտական նախագծում, որին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի պետությունների մանկատների եւ խնամքի կենտրոնների երեխաները։ Հեռուստաշոուի նկարահանումները սկսված են, եւ մասնակիցները արդեն պատրաստ են իրենց ելույթներին։

Սակայն 15-ամյա Անգելինան Ռուսաստանում հանդիպել է որոշ դժվարությունների, հատկապես լեզվական։ Հայաստանի ներկայացուցչին աջակցելու է եկել Comedy Cluby-ի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը։ Նա Անգելինային է նվիրել խաղալիք պինգվին։ Բայց այսքանով անակնկալները չեն ավարտվել․Գարիկը դարձել է փոքրիկ հայուհու անձնական թարգմանիչը եւ օգնել նրան նախագծի ժյուրիի անդամների հետ շփվելիս։

«Հիմա ես կարող եմ պաշտոնապես աշխատել որպես թարգմանիչ: Հուսով եմ, փոքրամարմին իմ մեծ ղեկավարը գոհ է մատուցվող ծառայությունների որակից։ Ես այս մրցույթում Անգելինային անկեղծորեն մաղթում են հաղթանակ, եւ իմ ու ամբողջ Հայաստանի անունից ասում նրան. «Մենք հպարտանում ենք քեզնով, առա՛ջ»,- ասել է Գարիկը։

Նշենք, որ «Ты  супер!»՝ ռուսական НТВ հեռուստաալիքի նոր երաժշտական նախագծի մեկնարկը կտրվի փետրվար 11-ից:

 

Աղբյուրը՝ НТВ



© NEWS.am STYLE