Հրապարակվել է վերջին 25 տարիների լավագույն ռեժիսորների ցանկը

15:10   8 փետրվարի, 2017

Quartz կայքը հրապարակել է վերջին 25 տարվա լավագույն 100 ռեժիսորների ցանկը: Այն կազմելիս կայքն օգտվել է Metacritic ագրեգատորի տվյալներից:

Առաջատարը Ռիչարդ Լինքլեյթերն է՝ «Արեւածագից առաջ», «Մայրամուտից առաջ» եւ «Կեսգիշերից առաջ» եռագրության հեղինակը: Ռեժիսորի վարկանիշը կազմել է 88.5 միավոր:

Երկրորդ տեղում Մայքլ Լին է՝ 85.7 միավորով («Կարիերիստուհիները», «Գաղտնիքներ եւ սուտ»), երրորդ հորիզոնականում իրանցի Ջաֆար Փանահին է՝ 85.5 միավորով («Օֆսայդ», «Շրջանը»):

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաեւ ռեժիսորներ Ժան-Պիեռ Դարդենը, Իտան եւ Ջոել Քոենները (մեկ հորիզոնականում), Հիրոկաձու Կորեեդան, Սթիվեն Սփիլբերգը, Մարտին Սկորսեզեն, Պեդրո Ալմոդովարը եւ Վերներ Հերցոգը:

Metacritic-ը կինոքննադատությունների հիման վրա գնահատում է ֆիլմերը՝ 0-ից 100 միավորով: «Օսկար»-ի առաջադրված «Լա Լա Լենդ» մյուզիքլը 53 կինոքննադատության հիման վրա 93 միավոր է ստացել:

Աղբյուրը` Lenta.ru



© NEWS.am STYLE