Ուկրաինական իշխանությունները հետաձգել են «Եվրատեսիլ 2017»-ի տոմսերի վաճառքը

13:31   8 փետրվարի, 2017

Ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել անհայտ ժամանակով հետաձգել Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ի տոմսերի վաճառքը։ Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ երկրի Հակամենաշնորհային հանձնաժողովը չեղյալ է համարել տոմսերի վաճառքով զբաղվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի ազգային ընկերության տեղակալի՝ Պավլո Գրիցակի խոսքը։

«Հուսանք, որ տոմսերը վաճառքում կհայտնվեն փետրվարին։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հարկ է նշել նաեւ, որ անցած տարիներին տոմսերի վաճառքը մեկնարկել է տարբեր ամիսների, օրինակ եղել է նաեւ մարտին»,- հայտնել է Գրիցակը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Եվրատեսիլ 2017»-ի տոմսերի արժեքը 20-30 եվրոյից մինչեւ 100 եվրո կարժենան։

Հիշեցնենք, որ վերջերս ներկայացվել է Եվրատեսիլ 2017-ի պաշտոնական լոգոն ու կարգախոսը։

 



© NEWS.am STYLE