«Օսկարի» ի՞նչ շանսեր ունի «Ամեն գնով» ֆիլմը. NEWS.am STYLE-ի կինոտեսությունը

19:13   9 փետրվարի, 2017

Դեվիդ Մակկենզիի «Ամեն գնով» ֆիլմը (Hell or High Water) այս տարի նոմինացվել է «Օսկար» մրցանակի միանգամից մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն երկրորդ պլանի դերասան»՝ Ջեֆ Բրիջիս, «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար»: Կինոնկարը կրիմինալ ժանրում է, բայց նաև բարձրացնում է մի շարք բարոյական խնդիրներ: Երկու եղբայրներ կողոպտում են բանկերը, որպեսզի կարողանան փակել իրենց պարտքերը այն բանկում, որ թալանում են և այդպիսով, չկորցնեն իրենց հողակտորը, որի վրա վերջերս նավթ են գտել:

Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է՝ նրանք հանցագործություն են կատարում, սակայն ռեժիսորը ողջ ֆիլմի ընթացքում ներկայացնում է իրավիճակի ողջ բարդությունը, դրա ոչ միանշանակությունն ու ծայրահեղ ցինիզմը: Բանկերն իրենք են թալանում մարդկանց, հասցնում հուսահատության եզրին և նման պարագայում լավն ու վատը դառնում է տեսանկյան հարց:

Կարող է արդյո՞ք հանցագործությունը կատարվել ի բարօրություն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի:

Հնարավոր է արդյո՞ք հասնել արդարության նման ճանապարհով՝ նպատակը արդարացնում է միջոցները:

Այս հարցերը կարմիր գծով անցնում են ողջ ֆիլմով: Ջեֆ Բրիջիսը շերիֆ Մարկուսի դերում, թեև ցուցադրում է լավ դերասանական խաղ, ըստ իս, դժվար թե արժանանա «Օսկարի» արձանիկի՝ մրցակցությունը չափազանց ուժեղ է:

Քրիս Պայնի հերոսը կարծես մեր ժամանակների «Ռոբին Հուդը» լինի, որին հանգամանքները ստիպում են նման ձևով պայքարել իր երեխաների ավելի լավ ապագայի համար: Նա համակրելի դիտողի համար,  հատկապես իր եղբոր հետ համեմատության մեջ, ով արկածախնդիր է և ամեն «գործի» գնում է  այնպես, կարծես ինքնասպան լինի՝ իմանալով, որ ոչինչ չունի կորցնելու և ետ ճանպարհ էլ չունի:

Ֆիլմի դինամիկան չի թողնում, որ դիտողը ձանձրանա, բայց ընդհանուր առմամբ կինոնկարը ինձ վրա տպավորություն չի գործել՝ դերասանների խաղին ինչ-որ բան պակասում էր, ինչ-որ էմոցիաներ… Երևի իմ ֆիլմը չէ:

Ֆիլմը հիշվող չէր ինձ համար, դժվար թե երկրորդ անգամ ցանկանամ դիտել այն: 

Գայանե Բաբայան



© NEWS.am STYLE