Արծվիկը Հայաստանում է. երգչուհին պատրաստվում է ընտրել «Եվրատեսիլ-2017»-ի իր երգը

15:05   10 փետրվարի, 2017

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը ժամանել է Հայաստան` սկսելու մրցույթի նախապատրաստական աշխատանքներին մասնակցությունը:

Ինչպես հայտնի է` այժմ մրցութային երգի ընտրության փուլն է: Արծվիկն ակտիվորեն ներգրավված է երգերի ընտրության եւ փորձնական տարբերակների ձայնագրման գործընթացում:

Բացի այդ, այսօր երեկոյան նա արդեն ելույթ կունենա Կարապի լճի շրջակայքում կայանալիք Սբ. Սարգսի տոնին նվիրված համերգին, իսկ ահա փետրվարի 11-ին՝ Սիրահարների այգում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում:

Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:

Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնե՛նք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվե՛նք» կարգախոսի վրա:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, իսկ երկրորդը` 11-ին: «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 13-ին:

 



© NEWS.am STYLE