Ինձ ջուր տվող երիտասարդի դեմքը չեմ հիշում, անծանոթ էր. Իննա Խոջամիրյանն՝ իր խորհրդավոր երազի մասին

12:05   11 փետրվարի, 2017

Այսօր բոլոր խոսակցություներն ու քննարկումները սիրո մասին են: Չէ՞ որ,  երիտասարդները եւ, առհասարակ, սիրով լի մարդիկ նշում են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:

Սուրբ Սարգսի եւ Վալենտինի, սիրո տոնի խորհուրդի, աղի բլիթի ավանդույթի եւ օրվա արտասովոր երազների մասին զրուցեցինք հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ:

-Իննա, Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին: Ո՞ր տոնը կխրախուսեիր, որ նշեին հայ երիտասարդները:

-Եթե կարելի է նշել երկուսն էլ՝ ինչո՞ւ խրախուսել որեւէ մեկը, կամ հրաժարվել մյուսից: Սուրբ Սարգիսը բոլորովին այլ տոն է, Սուրբ Վալենտինն` այլ: Տոները նաեւ իրենց խորհուրդներով են կտրուկ տարբերվում: Չնայած ներկայումս Սուրբ Սարգիսը տոնելու կարգն ու ավանդույթների մեծ մասը գլոբալ առումով վերացել, իսկ Սուրբ Վալենտինի եւ Սուրբ Սարգսի տոների միջեւ սահմանները լղոզվել են, այնուամենայնիվ, կարելի է շարունակել նույն կերպ՝ Սբ. Սարգսի տոնին աղի բլիթ ուտել (քանի այդ ավանդույթն էլ չի վերացել), իսկ Վալենտինի օրը այլ կերպ նշել՝ ըստ զույգերի նախընտրության:

-Ինչպե՞ս ես, սովորաբար, անցկացնում այս օրը:

-Դեռեւս հնուց պահպանված ավանդույթ է, որ Սուրբ Սարգսի տոնին՝ աղի բլիթ ուտելու հաջորդ օրը, երիտասարդ չամուսնացած աղջիկները մի տեղ են հավաքվում՝  խմորեղեն, քաղցրավենիք ուտում, քննարկում իրենց տեսած երազները, պարում, ուրախանում, լավ ժամանակ անցկացնում: Ավանդույթն ինձ մոտ քիչ թե շատ պահպանել է ուժը՝ հանդիպում եմ ընկերներիս, ջերմ միջավայրում ընթրում ենք:

-Աղի բլիթ ուտո՞ւմ ես: Հավատո՞ւմ ես դրա խորհուրդին:

-Այո, առաքելական եկեղեցու բոլոր տոների խորհուրդներն էլ կարեւոր են: Առաջավորաց պաս եմ պահում, աղի բլիթ եմ ուտում: 

-Երբեւէ արտասովոր երազ տեսե՞լ ես: 

-Երազներում հանդիպող կերպարներն ու իրադարձությունները ցերեկային հետքով էլ են պայմանավորված լինում: Քնելուց առաջ եթե շատ աղի, թթու ինչ որ բան ես ուտում՝ պարզ է երազում զովացուցիչ որեւէ ըմպելիք պիտի խմես, եթե սոված ես քնում, երազում կարող ես քեզ ինչ-որ համեղ բան ուտելիս տեսնել: Կոմպենսացիայի երեւույթ է՝ մինչեւ իրականում ուտել, խմելը:  Տեւական ժամանակ է՝ աղի բլիթ եմ ուտում, մի դեպք է եղել միայն, որ տպավորիչ երազ եմ տեսել. ինձ ջուր տվող երիտասարդի հագին ջինսե տաբատ էր, եւ թիթեռնիկ փողկապ ուներ: Դեմքն ընդհանրապես չեմ հիշում՝ անծանոթ էր, ու չի տպավորվել:) Կարծում եմ՝ դա փողկապների և թիթեռնիկների հանդեպ ունեցած իմ մեծ սիրով է պայմանավորված. անգիտակցական դաշտում ապագա կեսիս տեսել եմ այնպես, ինչպես չէր խանգարի տեսնել իրականում:)

-Կնշե՞ս, թե ինչ կարգավիճակում է այսօր քո սիրտը:

-Վերջին անգամ 1 ամիս առաջ եմ ամբողջական բուժզննում  անցել՝ սրտիս կարգավիճակը լավ է, փառք Աստծո: Այժմ ինձ նրա կենսաբանական վիճակը կարող է հուզել միայն:

-Ինչպե՞ս ես օրդ անցկացնելու:

Երեկոյան մի լավ ներկայացման կգնամ, օրվա մնացյալ մասն էլ ընկերներիս հետ կլինեմ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իննայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE