15-ամյա Անգելինա Պապիկյանը՝ НТВ հեռուստաալիքի «Ты супер!» նախագծի հաջորդ փուլում. ժյուրին հիացած է (տեսանյութ)

10:01   12 փետրվարի, 2017

Երեկ՝ փետրվարի 11-ին, ռուսական НТВ հեռուստաալիքի եթերում մեկնարկեց բոլորովին նոր շոու, որը կոչվում է «Ты супер!»: Այս նախագծին մասնակցում են նախկին ԽՍՀՄ-ի պետությունների մանկատների եւ խնամքի կենտրոնների երեխաները:

Շոուի առաջին թողարկման ընթացքում «Դլե Յաման» երգի իր կատարմամբ ժյուրիին ցնցեց Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սան Անգելինա Պապիկյանը: Աղջիկը ժյուրիի բոլոր 4 անդամների՝ Ստաս Պիեխայի, Елка-ի, Վիկտոր Դրոբիշի եւ Մարգարիտա Սուխանկինայի, կողմից արժանացավ «այո»-ների՝ անցնելով մրցույթի հաջորդ փուլ:

«Այնքան հզոր ձայն ունես, որ առաջին իսկ նոտայից ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր»,-նշեց Елка-ն:

«Ես առաջնահերթ տպավորված եմ Ձեր արտաքինով, իսկ երբ երգեցիք, ես հասկացա, որ Ձեր ձայնը սահմաններ չունի, ինչը ինչ-որ տեղ նաեւ ազգային ձեռքբերում է»,-հավելեց Ստաս Պիեխան:

Աղջկա ելույթով անչափ տպավորված Վիկտոր Դրոբիշն էլ ավելացրեց.

«Ի՞նչ կարելի է ասել մի աղջկա մասին, որի թարգմանիչն անձամբ Գարիկ Մարտիրոսյանն է»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 15-ամյա Անգելինան հաղորդակցման խնդիր է ունեցել՝ ռուսերենին չտիրապետելու պատճառով: Աղջկան օգնության է հասել սիրված շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ ստանձնելով նրա թարգմանչի դերը:

Բացի Անգելինայից մրցույթին մասնակցում է նաեւ Վանաձորի մանկատան սան՝ 15-ամյա Սաբինա Մանվելյանը: Թե ինչպես կդասավորվի մյուս հայուհու ճակատագիրը մրցույթում, պարզ կդառնա հաջորդ թողարկումների ընթացքում:



© NEWS.am STYLE