Չէի ցանկանա լինել այնպիսին, ինչպիսին 21 տարեկանում էի. Ռոբի Ուիլյամսը նշում է ծննդյան 43-ամյակը

16:34   13 փետրվարի, 2017

Բրիտանացի հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը:

Ուիլյամսը համարվում է Բրիտանյիայի ամենահապահանջված եւ ճանաչված երգիչներից մեկը: Չնայած ԱՄՆ-ում երգչի ձայնասկավառկներն այնքան էլ ակտիվ չեն վաճառվում` ամբողջ աշխարհում դրանց վաճառքը կազմում է ավելի քան 59 միլիոն օրինակ:

Երաժիշտը հիմնականում ստեղծագործում է փոփ, փոփ-ռոք եւ սոֆթ-ռոք ժանրերում: Յուրահատուկ ճաշակի եւ տեմբրի շնորհիվ` հայտնի երգիչ Էլթոն Ջոնը Ուիլյամսին անվանել է «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա»:

Կյանքի լավագույն պահերի, մտավախությունների եւ երաժշտության մասին. ներկայացնում ենք Ռոբի Ուիլյամսի արտահայտած մտքերից մի քանիսը:

«Պետք չէ զղջալ արածների համար: Կյանքն այնքան կարճ է, որպեսզի սկսեմ ափսոսել այն ամենի համար, ինչ ասել եմ նախկինում»:

«Մարդիկ փոխվում են: Օրինակ` ես չէի ցանկանա լինել այնպիսին, ինչպիսին 21 տարեկանում էի»:

«29 տարեկանում մտածում էի միայն այն մասին` արդյոք դեռ երգելո՞ւ եմ 50 տարեկան հասակում»:

«Կյանքիս լավագույն պահերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ թմրանյութերի ազդեցության տակ եմ եղել: Ես էլի կանեի դա, եթե ինքս ինձ համար համոզիչ արդարացում գտնեի»:

«Ինձ դուր է գալիս իմ կյանքը: Ես դեռ այնքան նպատակներ ունեմ իմ առջեւ»:

«Չկա իմ կյանքում որեւէ բան, որը շատ եմ արժեքավորում: Իրերը, պարզապես, իրեր են»:

«Ես սիրում եմ լսել լավ երաժշտություն: Այդ պատճառով էլ անընդհատ լսում եմ իմ ձայնասկավառակը»:

«Ներսումս, ասես, մի գեր մարդ կա, որը շատ է ցանկանում այնտեղից դուրս գալ»:

«Ես կիրթ մարդ չեմ: 16 տարեկանում թողել եմ դպրոցը եւ չունեմ որեւէ մասնագիտություն»:

«Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե որն է համարվում փոփ երաժշտություն: Բայց, իհարկե, ես փոփ ժանրի կատարող եմ»:

«Բոլոր նրանք, ովքեր հասել են բարձրունքի, եղել են պայքարող, զգացմունքային եւ մի քիչ խենթ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE