«Թաքնված ֆիգուրներ» ֆիլմը՝ «Օսկար»-ի հավակնորդ. NEWS.am STYLE-ի գրախոսությունը

18:35   14 փետրվարի, 2017

«Օսկար» մրցանակի հավակնորդ ֆիլմերի մեր անդրադարձների շրջանակում այսօր կներկայացնեմ Թեոդոր Մելֆիի «Թաքնված ֆիգուրներ» (Hidden Figures) կինոնկարը:

Ֆիլմն արժանացել է երեք նոմինացիաների՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»՝ Օկտավիա Սփենսեր, «Լավագույն ադապտացված սցենար»՝ Էլիսոն Շրյոդեր, Թեոդոր Մելֆի:

Այս կինոնկարը բավականին տպավորիչ է, իսկ, դրա իրական փաստերի վրա հիմնված լինելը, դարձնում է այն առավել նշանակալի:  

Երեք աֆրո-ամերիկուհիների պամությունը, որոնք իրենց հիանալի խելքով և ոգու տոկունությամբ նվաճում են ՆԱՍԱ-ն իրապես հարգանքի է արժանի:

Այս կինոնկարում ներդաշնակորեն միավորված են 60-ականներին Ամերիկայում աֆրո-ամերիկացիների և կանանց իրավունքների համար ընթացող պայքարի պատմությունը և տիեզերքի նվաճման համար գերտերությունների մրցարշավը:

Պետք է նշել, որ կինոնկարը կարողանում է ոչ միայն ներքաշել դիտողին այդ ժամանակվա մթնոլորտի մեջ, այլև փոխանցել այն մարդկանց էմոցիաներն ու ապրումները, ովքեր ձգտում էին փոխել աշխարհը, նվաճել մինչ այդ անհասանելի բարձունքները՝ ինչպես տիեզերքի, այնպես էլ՝ հասարակական մտքի:

Մարդկային կամքի և պրպտուն մտքի գաղափարը, որի առջև անզոր են հաստատված նորմերն ու ստանդարտ գիտական մոտեցումները, վառ կերպով ներկայացված են դերասանական կազմի կողմից:

Ֆիլմը ոչ ոքի անտարբեր չի թողնի, այն մոտիվացնող է և հնարավորություն է տալիս հետահայաց նայել անցած ճանապարհին և հասկանալ, թե որքան բան է արդեն արվել, հաղթահարվել և գիտակցել, որ պրոգրեսի ճանպարհին այլընտրանք չկա:

Ինձ հատկապես դուր եկավ այն, որ ֆիլմը դուրս է գալիս զուտ ֆեմինիստական և հակառասիստական գաղափարների և դրանց զարգացման պատմութայն շրջանակներից և պատմում է մարդկային ոգու վեհության մասին, որն ի զորու է փոխել գոյություն ունեցող իրականությունը և հասնել անհասանելի թվացող բարձունքների:

Իմ կարծիքով, Օկտավիա Սփենսերին լուրջ մրցակից է Վիոլա Դեվիսը, որը «Պարիսպներ» ֆիլմում իր կերպարի խորաթափանցությամբ և իր հերոսուհու դրամայի ներկայացմամբ, իսկապես արձանիկը ստանալու առավել շատ շանսեր ունի:

Ընդհանուր առմաբ, «Թաքնված ֆիգուրները» հիանալի կինոնկար է երեկոյան դիտման համար:

Գայանե Բաբայան



© NEWS.am STYLE