Հնդկաստանում հայտնի հայ մոդել Ալյոնա Թադեւոսյանը` «Queen of Brilliancy International» մրցույթում Հայաստանը ներկայացնելու մասին

15:05   15 փետրվարի, 2017

Բոլիվուդում հայտնի մոդել Ալյոնա Թադեւոսյանի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է` ներկայացնելով յուրահատուկ ֆոտոշարք գեղեցիկ մոդելի հետ:

Ալյոնային անդրադառնալու եւս մեկ առիթ ունենք: Այս օրերին հայ մոդելը Թայվանում է, որտեղ Հայաստանը ներկայացնում է «Queen of Brilliancy International» գեղեցկության մրցույթում:

«Թայվան մեկնել եմ նախորդ շաբաթ օրը: Այս մրցույթին Հայաստանը ներկայացնելու առաջարկը ստացել եմ «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: Մրցույթին մասնակցում են 60 երկրներից ժամանած մոդելներ»,-NEWS.am STYLE-ին պատմեց Ալյոնան` հավելելով, որ այս ընթացքում հասցրել է մասնակցել տարբեր ակցիաների.

«Մրցույթը տեւելու է մինչեւ փետրվարի 27-ը: Մեծ եզրափակիչը կայանալու է ամսի 24-ին: Մի քանի օր առաջ, օրինակ, մասնակցեցինք մի նախաձեռնության, որի նպատակն էր քարոզել, որ մարդիկ արյուն նվիրաբերեն եւ օգնեն առողջական խնդիրներ ունեցող անձանց:

Մրցույթը բաղկացած է լինելու մի քանի փուլերից. ներկայանալու ենք լողազգեստով, երեկոյան զգեստներով եւ ազգային հագուստով»,-տեղեկացրեց մոդելը` խոստանալով վերջնական արդյունքի մանրամասներով առաջինը կիսվել NEWS.am STYLE-ի հետ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE