Ինձ համար դա արդեն հաղթանակ է. Իջինը` «Եվրատեսիլի», Արծվիկի եւ իր ապագա ծրագրերի մասին

13:15   16 փետրվարի, 2017

Գեղեցիկ, արտիստիկ եւ տարբերվող` այսպիսին է Իջինը, որը կարճ ժամանակում կարողացավ գերել հայ երաժշտասերների սրտերը: Նրան բացահայտեցինք «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շնորհիվ, որտեղ ինքնատիպ երգչուհին ներկայանում էր համարձակ կերպարներով եւ հեռուստադիտողին գրավում էր իր ազատ ու բեմական շարժումներով:

Ինչո՞վ է հիմա զբաղված Իջինը, արդյոք նախատեսո՞ւմ է վերադառնալ Հայաստան եւ ի՞նչ է կարծում «Եվրատեսիլի» մեր այս տարվա ներկայացուցչի` Արծվիկի մասին:

NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ:

-Իջին, «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո Հայաստանում շատ երկրպագուներ ձեռք բերեցիր: Համոզված եմ` նրանց կհետաքրքրի, թե մոտ ապագայում ինչ նորություններ ես ներկայացնելու:

-Անպայման կլինեն նորություններ: Շուտով լույս կտեսնի իմ նոր սինգլը: Նաեւ ծրագրում եմ այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ավելի ուշ կհայտնեմ, թե կոնկրետ երբ պատրաստ կլինեն երգն ու տեսահոլովակը:

-Սպասո՞ւմ էիր, որ գալով Երեւան, ընդամենը, մի քանի ելույթից հետո այդքան շատ երկրպագուներ կունենայիր այստեղ:

-Ինձ համար դա անսպասելի էր, բայց շատ հաճելի: Մեծ պատիվ է, երբ քեզ սիրում եւ ճանաչում են հարազատ երկրումդ: Իմ յուրաքանչյուր ելույթին ես պատրաստվել եմ 100%-ով` ներդնելով բոլոր ուժերս եւ շատ հաճելի է, երբ որպես պատասխան ստանում ես մարդկանց սերն ու գնահատականը:

-Նախագծում դու եւս շատերի համար ֆավորիտ էիր, բայց քվեարկության արդյունքում հաղթեց Արծվիկը: Համաձա՞յն ես ժյուրիի եւ հեռուստադիտողի ընտրության հետ:

-Ես շատ շոյված էի իմ երկրպագուների այդ աջակցությունից: Ինձ համար, իսկապես, պատիվ էր այն, որ Հայաստանում` իմ հայրենիքում, ինձ ֆավորիտ են համարում: Հայտնի Wiwibloggs կայքը ինձ եւս ֆավորիտ էր համարում եւ մինչ օրս նամակներ եմ ստանում Եվրոպայի տարբեր երկրներից, որտեղ ինձ բարեմաղթանքներ են հղում: Ինձ համար դա արդեն հաղթանակ է:

Անկեղծ սրտով ուրախ եմ Արծվիկի համար: Համոզված եմ` նա արժանի կերպով կներկայացնի մեր երկիրը:

-Ի՞նչ կմաղթես Արծվիկին:

-Նրան միայն հաղթանակ եմ մաղթում: Մաղթում եմ, որ հաղթահարի հուզմունքն ու ամբողջ Եվրոպային ցույց տա, թե ինչ տաղանդավոր արտիտներ կան Հայաստանում:

-Իջին, նախագծի ընթացքում աշխատում էիր Հայկոյի հետ: Կապ պահո՞ւմ եք մինչ օրս: Համագործակցության ծրագրեր կա՞ն:

-Թե ես, թե Հայկոն շատ խիտ գրաֆիկ ունենք, անընդհատ շրջագայությունների մեջ ենք լինում: Ցավոք սրտի` հաճախ չի ստացվում այդ շփումը պահել: Բայց ամբողջ սրտով սիրում եմ թե նրան, թե նրա ընտանիքին: Հուսով եմ` շուտով բոլորս կրկին կհանդիպենք եւ ջերմ կզրուցենք:

-Հիմա ի՞նչ նախագծի շուրջ ես աշխատում:

-Հիմա աշխատում եմ անգլերեն եւ ռուսերեն երգերի վրա: Շուտով դրանք հերթով կթողարկեմ: Եվ ինչպես արդեն նշեցի` պատրաստվում եմ նաեւ տեսահոլովակ նկարահանել:

-Հայաստան վերադառնալու ծրագրեր ունե՞ս:

-Ես շատ հաճախ եմ լինում Հայաստանում, հատկապես, վերջին շրջանում: Այստեղ ծրագրում եմ տեսահոլովակի շնորհանդես կազմակերպել, բայց դեռ շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել: Ուղղակի հետեւեք ինձ համացանցում: Շուտով շատ ու շատ նորություններ կլինեն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Իջինի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE