NEWS.am STYLE Exclusive. Զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանը` Բեյոնսեի, Լեդի Գագայի, Մադոննայի եւ այլ աստղերի հետ համագործակցելու մասին

11:08   17 փետրվարի, 2017

ԱՄՆ-ում հայտնի հայ դիզայներ Մարիաննա Հարությունյանն, ընդամենը, 2 տարեկան էր, երբ նրանք ընտանիքով տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, ինչպես ինքն է ասում` ավելի լավ կյանք որոնելու նպատակով: Բայց երեւի Հարությունյանների ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ իրենց փոքրիկ աղջիկը շուտով հետաքրքրվելու է զարդեր պատրաստելով, իսկ ապագայում դառնալու է հայտնի դիզայներ եւ համագործակցելու է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են` Շերը, Լեդի Գագան, Մադոննա, Բեյոնսեն, Փինքը, Նիկի Մինաժը եւ այլք:

Օրեր առաջ կայացավ տարվա կարեւորագուն երաժշտական մրցանակաբաշխությունը` «Գրեմմի-2017»-ը, որի ընթացքում շատերը հիացան, հատկապես, Բեյոնսեի անկրկնելի ելույթով: Սակայն խոստովանեք` ելույթն այդքան կատարյալ չէր լինի առանց շքեղ զարդերի, իսկ դրանց հեղինակն ինչպես արդեն տեղեկացրել ենք` հայուհի Մարիաննա Հարությունյանն էր:

NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Ամերկայում հայտնի հայ դիզայների հետ, որի ընթացքում խոսել ենք նրա աստղային համագործակցություններից եւ անցած երկար ու հետաքրքիր ճանապարհից:

-Մարիաննա, այսօր համաշխարհային աստղերը հենց Ձեր պատրաստած զարդերն են նախընտրում կրել: Հետաքրքիր է` ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Ձեր հաջողության ճանապարհը:

-Դեռ 5 տարեկան էի, երբ սկսեցի պատրաստել զարդեր: Մայրիկս տան մեջ հագնում էր այն հողաթափերից, որոնց վերին հատվածը ուլունքներից է պատրաստված: Այսպիսով` հենց դրանք մաշվում էին եւ նա պատրաստվում էր դեն նետել, ես վերցնում էի այդ ուլունքներն ու վզնոցներ, թեւնոցներ ու մատանիներ էի պատրաստում դրանցից ու նվիրում ընկերներիս: Երբ դպրոցն ավարտեցի, ստեղծեցի իմ զարդերի ընկերությունը:

-Հիշո՞ւմ եք` ով էր առաջին աստղը, որի հետ համագործակցեցիք:

-Առաջին աստղը, որի հետ աշխատել եմ, Փինքն էր: Այնքան ուրախ էի, երբ ստացա այդ առաջարկը, չէի հավատում, որ դա ինձ հետ է կատարվում: Ես մի ամբողջական զարդ եմ պատրաստել նրա «U+ur hand» տեսահոլովակի համար: Նրա տանն եմ եղել, որտեղ տարել էի զարդը նրա վրա փորձելու, իսկ հետո հնարավորություն ունեցա նաեւ հայտնվելու տեսահոլովակի նկարահանման հրապարակում:

-Ձեր պատրատած զարդերը մեկը մյուսից շքեղ են: Դուք` ինքներդ, ո՞րն եք ամենից շատ նախընտրում:

-Ամենից շատ սիրում եմ այն դիմակը, որը պատրաստել եմ Մադոննայի «Living for love» տեսահոլովակի համար: Առհասարակ սիրում եմ իմ պատրաստած խոշոր զարդերը:

-Մարիաննա, օրեր առաջ հպարտացանք Ձեր եւ Բեյոնսեի շքեղ համագործակցությամբ: Եթե չեմ սխալվում, Լեդի Գագայի հետ եւս համագործակցություն էր սպասվում…

-Այո, ինչպես արդեն հայտնի է` Բեյոնսեի պարողների համար ստեղծել էի ոսկյա մատանիներ եւ գլխազարդեր: Իսկ Լեդի Գագայի հետ համագործակցել ենք այս տարվա Սուպեր գավաթի շոուի շրջանակներում: Նրա պարողները կրում էին իմ պատրաստած բյուրեղյա «կոտոշները»:

-Ինչպես հայտնի է` ճանաչված մարդիկ նաեւ բծախնդիր են…Հե՞շտ է գոհացնել համաշխարհային աստղերին:

-Սովորաբար, այո, ինձ մոտ դա ստացվում է: Բայց հաճախ է լինում, որ նրանք շատ են տատանվում ընտրություն կատարելիս, այնպես որ` ես մի քանի օրինակ եմ նախապես ներկայացնում նրանց, մինչեւ որ գալիս ենք վերջնական որոշման:

-Ովքե՞ր են Ձեր ամենահավատարիմ հայտնի հաճախորդները:

-Դիզայներ Բոբ Մեքիի հետ եմ հաճախ համագործակցում: Երբ նա Շերի հետ էր աշխատում, իմ պատրաստած զարդերն էր օգտագործում  նրա բեմական հագուստների վրա:

-Մարիաննա, իսկ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատո՞ւմ եք:

-Այո, զարդեր պատրաստել եմ նաեւ երգչուհիներ Մարիա Քոզեթի եւ Լիլիթ Հովհաննիսյանի համար: Էլի մի քանիսը կան, բայց անուններ չեմ կարող նշել:)

-Զրուցել Ձեզ հետ եւ չխոսել զարդերի այս տարվա թրենդներից, ուղղակի, չենք կարող:) Այսպիսով` ի՞նչ ոճի զարդերն են 2017 թ-ին համարվելու թրենդային:

-Հիմա առավել թրենդային են ոսկյա զարդերն ու թեւնոցները: Կարող եք կրել նաեւ  ճոխ մատանիներ ու չոկերներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE