Անջելինա Ջոլին արտասվել է Բրեդ Փիթի մասին հարցից հետո. դերասանուհին առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին

11:35   20 փետրվարի, 2017

Անջելինա Ջոլին երեխաների հետ Կամբոջայում է, որտեղ զբաղված է իր նոր ֆիլմի գովազդով: 41-ամյա դերասանուհին BBC News-ին հարցազրույց տալու ժամանակ է գտել, որի ընթացքում դերասանուհուն հարցրել են նաեւ Բրեդ Փիթից բաժանվելու մասին: Ջոլին չի կարողացել զսպել արցունքներն ու նշել է, որ հիմա իրենց ընտանիքի համար դժվար ժամանակներ են:

«Բոլորիս համար հիմա շատ դժվար է: Չեմ ուզում այդ մասին շատ խոսել: Մենք ընտանիք ենք եղել եւ կանք: Բայց մեր ճանապարհները փոքր-ինչ բաժանվեցին: Շատերն են նման իրավիճակում հայտնվում: Իմ սեփական ընտանիքում նույնպես դա տեղի է ունեցել»,- նշել է Էնջին:

Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզան է ներկայացրել սեպտեմբերին՝ Փիթին մեղադրելով, իբր, որդուն՝ Մեդոքսին հարվածելու մեջ (ինչը, ի դեպ, չի ապացուցվել):
Փիթն ու Ջոլին ամուսնալուծության հետ կապված տարաձայնությունները հարթել են հունվարին:

«Ինձ միայն իմ երեխաներն են հուզում, ես ինձ պատկերացնում եմ հինգ տարի անց՝ աշխարհով մեկ շրջելով եւ երեխաներիս այցելելով, որոնք հետաքրքիր բաներով կզբաղվեն: Իմ երեխաները իմ հույսն են, որ մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- հավելել է դերասանուհին:



© NEWS.am STYLE