Փոքրիկ աղջնակից մինչեւ սեքսուալ գեղեցկուհի. Դակոտա Ֆենինգը նշում է ծննդյան 23-ամյակը (ֆոտո)

15:35   23 փետրվարի, 2017

Ամերիկացի դերասանուհի Դակոտա Ֆենինգն այսօր նշում է ծննդյան 23-ամյակը: Կապուտաչյա գեղեցկուհին հայտնիություն ձեռք է բերել դեռեւս փոքր տարիքից` նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիրք են` «Ես Սեմն եմ», «Աշխարհների պատերազմը», «Շարլոտայի սարդոստայնը» եւ այլն:

Նա հայտնի է նաեւ «Մթնշաղ» ֆիլմի իր դերով, որտեղ մարմնավորում է վամպիրուհի Ջեյնին:

Սովորաբար, երբ որեւէ մեկը սկսում է նկարահանվել փոքր տարիքից, նրա ընտանիքում եւս դերասաններ են լինում, որոնք փոքրիկին ներգրավում են կինոաշխարհ: Սակայն Դակոտայի պարագայում այդպես չէր:

Աղջկա ընտանիքի անդամները մարզիկներ են: Հայրը նախկին բեյսբոլիստ է, իսկ մայրը` պրոֆեսիոնալ թենիսիստուհի:

Ապագա աստղի մոտ դերասանական տաղանդը հայտնաբերվել է վաղ տարիքից: Երբ աղջիկը 4 տարեկան էր, ծնողները որոշում են նրան ընդունել տանից ոչ հեռու գտնվող թատերական խմբակ, որտեղ հաճախակի էին ներկայացումներ բեմադրվում, իսկ Դակոտան կարճ ժամանակում դարձավ այդ ներկայացումների անբաժան մասնիկը: Նկատելով աղջկա անսովոր տաղանդը` ուսուցիչները Դակոտայի ծնողներին խորհուրդ են տալիս ավելի լրջորեն զբաղվել նրա կարիերայով: Շուտով փոքրիկ դերասանուհու համար գործակալ են գտնում, որի խորհրդով էլ Ֆենինգի ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես` ավելի լայն հնարավորությունների հետեւից:

Երբ 6 շաբաթ անց Դակոտայի ծնողները որոշում են վերադառնալ տուն, աղջիկն անսպասելի նկարահանման առաջարկ է ստանում` Tide ապրանքանիշի գովազդային հոլովակում:

Այդպես էլ սկսվում է Դակոտա Ֆենինգի հաջողությունը. շուտով նա սկսում է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում` կերտելով իր ուղին կինոյի արտասովոր աշխարհում:

Հետաքրքիր արտաքինի շնորհիվ աղջկան հրավիրում են նաեւ լուսանկարվել հեղինակավոր ամսագրերի շապիկներին  եւ ամենահայտնի բրենդների գովազդային արշավներում:

Առաջարկում ենք վերհիշել Դակոտա Ֆենինգին` տարբեր տարիքային հասակում`

փոքրիկ աղջնակից մինչեւ սեքսուալ գեղեցկուհի…



© NEWS.am STYLE