Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը կցուցադրի «Օսկար»-ից հետո միջոցառման ժամանակ

14:35   23 փետրվարի, 2017

Եվ այսպես՝ մի քիչ նախապատմություն: Անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ընթացքում կայացավ Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել են հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտա Լը Բոնը: Ռեժիսորը Թերի Ջորջն է, որը նաեւ «Ռուանդա հյուրանոց» հայտնի ֆիլմի հեղինակն է: 

Ժապավենի պրոդյուսերը Քըրք Քըրքորյանն է, իսկ երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմում իրադարձությունները զարգանում են Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ 1922 թվականին: Ամերիկացի Քրիսը՝ Associated Press-ի թղթակից, դրայվ է գտնում պատերազմական իրավիճակում, չնայած աշխարհը մասնատվում է: Մայքլը (Միքայել)՝ խելացի բժիշկ-ուսանող, տանջվում է իր զգացմունքների եւ ավանդույթներին հավատարմության միջեւ: Երկուսն էլ սիրահարված են գեղեցկուհի Աննային: Վերջերս Open Road Films Production-ը ձեռք է բերել ֆիլմի վարձույթի իրավունքը, իսկ հիմա՝ շատ լավ լուրի մասին:

Ավանդույթի համաձայն՝ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո Հոլիվուդում մի շարք երեկույթներ են կազմակերպվում, որոնց թվում ամենահեղինակավորն Էլթոն Ջոնի երեկույթն է, ուր դժվարությամբ են հայտնվում նույնիսկ ամենահայտնի աստղերը:
Երեկույթի ընթացքում երգչի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կազմակերպությունը՝ The Elton John AIDS Foundation EJAF-ը, Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի գլխավորությամբ Հոլիվուդում «Խոստում» ֆիլմի դիտումը կկազմակերպի:
Լեգենդար երգիչը պաշտոնական հայտարարություն է արել՝ ավելացնելով #KeepThePromise հեշթեգը.

«Ես եւ Դեւիդը Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ իմացանք Մանուկյանի ընտանիքի եւ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ ընկերության շնորհիվ: «Խոստում» ֆիլմի թեման կարող է մեկնաբանվել որպես հիշելու եւ անցյալի չարագործությունների մասին իմանալու խոստում:
#KeepThePromise եւ այնպես արեք, որպեսզի այս ֆիլմի մասին հնարավորինս շատ մարդիկ իմանան: Մենք այն կցուցադրենք «Օսկար»-ի օրը, մեր հատուկ երեկույթի ժամանակ»:
Ֆիլմի պրոդյուսերական թիմն էլ հայտարարել է, որ այդ օրը ֆիլմի դիտումից ստացված ամբողջ հասույթը (խոսքը բարեգործական նվիրատվությունների մասին է) կուղղվի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության եւ EJAF-ի նման կազմակերպությունների:
«Մենք դեռ երբեք նման բան չենք կազմակերպել, այն էլ՝ նման թեմայով ֆիլմով: Ուզում ենք, որ աշխարհն իմանա այդ ողբերգության մասին»,- նշել է Դեւիդ Ֆերնիշը:
«Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի եւ պետք է ճանաչվի բոլորի կողմից: Այժմյան վերնագրերը խոսում են այն մասին, որ մարդու իրավունքները նույնկերպ շարունակում են խախտվել նաեւ այսօր: Մեզ համար մեծ պատիվ է, որ մեզ սատարում են Էլթոն Ջոնն ու Դեւիդ Ֆերնիշն ու նրանց ամբողջ թիմը»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:


Աղբյուրը՝  armenianweekly.com



© NEWS.am STYLE