«Օսկար 2017». Դոնալդ եւ Մելանյա Թրամփերը չեն դիտելու մրցանակաբաշխության արարողությունը

11:04   24 փետրվարի, 2017

Աշխարհում կան մարդիկ, որոնք չեն դիտելու փետրվարի 26-ին նախանշված «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը:

Այդ մարդկանց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան:

Ըստ US Weekly-ի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հաստատել է, որ նախագահն ու առաջին տիկինը չեն հետեւելու «Օսկար»-ին, բայց պատճառը հոլիվուդյան բազմաթիվ աստղերի հետ ԱՄՆ 45-րդ նախագահի կոնֆլիկտը չէ:

«Կարծում եմ՝ Հոլիվուդը հայտնի է իր ձախ հայացքներով: Անկեղծ կլինեմ, այդ երեկո նախագահը մասնակցելու է Նահանգապետական պարահանդեսի: Տիկին Թրամփը պատրաստվում է այդ իրադարձությանը: Այդ միջոցառման համար այնքան ժամանակ է ծախսվել, որ այդ երեկո նրանք միայն դրա վրա են կենտրոնանալու»,- ասել է Սփայսերը:
Ի դեպ՝ Թրամփը երբեք չի թաքցրել «Օսկար»-ի հանդեպ բացասական վերաբերմունքը՝ մի քանի անգամ քննադատելով մրցանակաբաշխությունը:



© NEWS.am STYLE