Իմ յուրաքանչյուր տարեդարձը վերածվում է տոնի. գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանի ծննդյան օրվա խորհրդավոր անակնկալները (ֆոտո)

15:35   27 փետրվարի, 2017

Մոդել, գեղեցկուհի, «Miss Earth Armenia» եւ «Miss Armenia Intercontinental» տիտղոսակիր Լիլիթ Մարտիրոսյանը երեկ՝ փետրվարի 26-ին, նշում էր ծննդյան տարեդարձը:

Միշտ առեղծվածային եւ խորհրդավոր հայ գեղեցկուհին չցանկացավ բարձրաձայնել իր տարիքը, սակայն NEWS.am STYLE-ին սիրով պատմեց իր ծննդյան տոնի մանրամասներից.

«Իմ յուրաքանչյուր տարեդարձը ընտանիքս, իսկական, տոնի է վերածում: Ուղիղ կեսգիշերին ծնողներս եւ եղբայրս անակնկալ կերպով շնորհավորեցին ինձ. անասելի երջանկություն է ունենալ նրանց իմ կողքին»,-ասում է մոդելը, որը ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ շնորհավորանքներ ու հաճելի հեռախոսազանգեր է ստացել.

«Շնորհավորանքներ եմ ստացել աշխարհի, գրեթե, բոլոր գեղեցկության մրցույթների թագակիրներից, կազմակերպիչներից, հատուկ շնորհավորանք եմ ստացել Biona մաշկի խնամքի ընկերության կողմից ու էլի շատ շնորհավորանքեր, որոնք դեռ երկար կմնան իմ սրտում»:

Լիլիթը նշեց, որ, առհասարակ, ծննդյան օրը սիրում է համեստ տոնել.

«Սիրում եմ այն տոնել մեր տանը՝ Գյումրիում: Տանն ավելի տաքուկ եւ ջերմ է, քան ցանկացած ռեստորանում կամ ժամանցի այլ վայրում: Մայրիկիս պատրաստած անուշաբույր ուտեստները վայելելը, սիրելի մարդկանց հետ կատակելն ու մի լավ ուրախանալը, ինչպես նաեւ մայրիկիս արտասանած քառյակները լսելն ինձ համար անփոխարինելի է: Այս պահին ավելի շեշտակի եմ զգում, թե որքան օրհնված եմ, որ ունեմ նման ընտանիք ու ընկերներ»,-ասում է մոդելը՝ հավելելով, որ ծննդյան օրվա առաջին կենացը նվիրված է եղել հայ զինվորին, մեր հայրենիքի խաղաղությանն ու զինվորների մայրերին:

Գեղեցկուհին երեկ բազմաթիվ նվերներ ու անակնկալներ է ստացել, որոնցից շատերը անանուն են եղել, ինչպես, օրինակ, լուսանկարի գեղեցիկ վարդերը:

Լիլիթը, որը, սովորաբար չի սիրում բարձրաձայնել ստացած նվերների մասին եւ նախընտրում է հրապարակային չդարձնել ծննդյան խնջույքի լուսանկարները, բացառության կարգով դրանցից մի քանիսը տրամադրեց NEWS.am STYLE-ին:

Միանում ենք Լիլիթի ստացած բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով հայ գեղեցկուհուն նոր վերելքներ ու մասնագիտական նվաճումներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE