Ի՞նչ արդյունքով է վերադարձել Հնդկաստանում հայտնի հայ մոդել Ալյոնա Թադեւոսյանը «Queen of Brilliancy International» մրցույթից

13:25   28 փետրվարի, 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` նախորդ շաբաթվա ընթացքում Հնդկաստանում հայտնի հայ մոդել Ալյոնա Թադեւոսյանը Թայվանում էր, որտեղ Հայաստանը ներկայացնում էր «Queen of Brilliancy International» գեղեցկության մրցույթում:

Մրցույթի եզրափակիչ եւ ամփոփիչ փուլը կայացել է փետրվարի 24-ին, որի ընթացքում հայտարարվել է, թե 60 երկրներից ժամանած մասնակիցներից որ գեղեկուհին է արժանացել բաղձալի թագին: Իսկ հաղթող է դարձել Էկվադորի ներկայացուցիչը` Էնա Կորդովան:

Հայաստանը ներկայացրած գեղեցկուհի Ալյոնա Թադեւոսյանը մի քանի ժամ առաջ է վերադարձել հայրենիք: NEWS.am STYLE-ը զրուցել է մոդելի հետ մրցույթի մանրամասներից.

«Թայվանից վերադարձել եմ դրական էմոցիաներով: Հաճոյախոսությունների եւ մի շարք աշխատանքային առաջարկների եմ արժանացել: Առաջարկել են նաեւ մասնակցել այլ գեղեցկության մրցույթների: Դրա շուրջ դեռ պետք է մտածեմ եւ հասկանամ` արդյոք կմասնակցե՞մ այդ մրցույթներին, թե՞ ոչ»,-ասում է Բոլիվուդի հայ գեղեցկուհին` հավելելով, որ  մրցույթի կազմակերպիչներից շատերն են իրեն մոտեցել եւ խոստովանել, որ հենց իրեն են ֆավորիտ համարել:

«Շատերն էին մոտենում եւ ասում, որ ես իրենց ֆավորիտն եմ: Իսկ այդ գնահատականն ինձ համար արդեն թանկ է: Հաճելիորեն զարմացա, երբ առաջարկներ ստացա նաեւ Թաիլանդից եւ Չինաստանից: Թաիլանդում առաջարկել են նկարահանվել սիթքոմում, իսկ Չինաստանից որպես մոդել աշխատելու առաջարկ եմ ստացել: Շատ ուրախ եմ, որ եւս մեկ փորձ ավելացավ իմ կյանքում, որն անհնարին կլիներ առանց այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին` ընտանիքիս անդամների, «Համաշխարհաին գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի եւ Տերյան մշակութային կենտրոնի, մասնավորապես, Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ: Իսկապես, բոլորը հավանել էին մեր ազգային տարազը, որը ես ցուցադրեցի մրցույթի համապատասխան փուլի ժամանակ»:

Այժմ Ալյոնան հայրենիքում հանգստանում է մրցույթի ամբողջ իրարանցումից: Իսկ կընդունի ստացած առաջարկները, թե ոչ, մոդելը պետք է որոշի մանրակրկիտ քննարկումների արդյունքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE