Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան այն ամենի մասին, ինչ պատահեց հայերի հետ. Էլթոն Ջոնը` «Խոստումը» ֆիլմի մասին (տեսանյութ)

15:41   1 մարտի, 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը հաջորդեց հայտնի երգիչ Էլթոն Ջոնի կազմակերպած դրամահավաք-ճաշկերույթը, որի ընթացքում՝ երգչի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կազմակերպությունը՝ The Elton John AIDS Foundation EJAF-ը, Էլթոն Ջոնի եւ Դեւիդ Ֆերնիշի գլխավորությամբ Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի դիտումը կազմակերպեց:

USArmenia TV-ն ներկա է եղել հեղինակավոր երեկոյին եւ զրուցել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի, ռեժիսոր Թերի Ջորջի եւ լեգենդար Էլթոն Ջոնի հետ.

«Էրիկի հետ ընկերության շնորհիվ ես եւ հիմնադրամի նախագահ Դեւիդն ավելի շատ բան իմացանք Հայոց ցեղասպանության մասին: Ոչ-ոք եւ ոչինչ մոռացված չէ: Մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան այն ամենի մասին, ինչ պատահեց հայերի հետ»,-նշել է Էլթոն Ջոնը:

Դեւիդ Ֆերնիշի խոսքով էլ ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագություններն ու սովորել սխալների վրա:

«Մեզ համար մեծ պատիվ է կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնել  մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված այս ֆիլմը: Այսօր պատմական օր է: Ֆիլմի ցուցադրությունից հանգանակված ողջ գումարը կուղղվի մարդասիրական ծրագրերի իրականացմանը»,-նշել է նա:

«Որպես «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր՝ ինձ համար մեծ պատիվ է տեսնել, որ այսօր հարյուրավոր աստղերի մոտ Էլթոն Ջոնն ու Դեւիդը ներկայացնում են Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը: Սա ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության խնդիրն իր մեջ մարդասիրական մեծ սկզբունքներ է պարունակում: Մենք ցանկանում ենք կիսել այս պատմությունն աշխարհի հետ ու ասել՝ սա բոլորի պատմությունն է»,-նշել է պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:

Իսկ ռեժիսոր Թերի Ջորջն ավելացրել է.

««The Promise»-ի ամենակարեւոր հաղորդագրությունն այն է, որ երբեք չպետք է մոռանալ այն, ինչ կատարվել է հայերի հետ եւ կիսել նրանց մտահոգութունը: Պետք է ճանաչել 1915 թ-ի դեպքերը՝ որպես ցեղասպանություն»:

Ֆիլմի դիտմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հայտնի աստղեր, ինչպես նաեւ Հոլիվուդի ամենաճանաչված հայուհիներից մեկը՝ Անժելա Սարաֆյանը, որը եւս նկարահանվել է ֆիլմում:

Մանրամասները՝ USArmenia TV-ի տեսանյութում:



© NEWS.am STYLE