«Եվրատեսիլ-2017». ի՞նչ է կոչվում Արծվիկի երգը եւ ե՞րբ է այն ներկայացվելու հանրությանը

14:05   9 մարտի, 2017

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի կողմից ընտրվել է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին եւ կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին:

«Fly with me» (Թռչիր ինձ հետ)՝  այսպես է կոչվում Արծվիկի եվրատեսիլյան երգը:

Ընտրության համար ստացվել էին շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին եւ ձեւաչափին, Արծվիկի նախասիրություններին եւ կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում:

''Fly with me'' երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:

Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Նա համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:

Երգը հանրության լայն դատին կներկայացվի տեսահոլովակի հետ միասին՝ մարտի 18-ին:

 



© NEWS.am STYLE