«Ի՞նչ կապ ունի ձեր երկիրը, սա քաղաքականացված շոու է». Իրինա Ալեգրովան քննադատել է «Եվրատեսիլը»

12:04   10 մարտի, 2017

Մայիսին Կիեւում նախանշված «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի նախաշեմին կրքերը թեժանում են: Ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան նույնպես կարծիք է հայտնել մրցույթի մասին, որը ռուսական արտիստները վերջին շրջանում քննադատում են, քանի որ ենթադրում են, որ դրա ընթացքում կարող են տարբեր սադրանքներ տեղի ունենալ:

«Թող ներեն ինձ այդ մրցույթին արդեն մասնակցած իմ գործընկերները, բայց հավատացեք, որ «Եվրատեսիլի» նշանակությունը մեր երկրում չափազանցված է: Այդ մրցույթը ոչ մի իրական ազդեցություն չի ունենում եվրոպական երաժշտական շուկայի վրա: Եվրատեսիլում հաղթողներից ո՞վ է դրանից հետո եվրոպական (էլ չեմ ասում) համաշխարհային աստղ դարձել: Ես միայն մեկ օրինակ գիտեմ՝ ABBA-ն... Մրցույթի գոյության այդքան տարիների ընթացքում»,- նշել է Ալեգրովան:

Նրա կարծիքով, եթե որեւէ երկրի ներկայացուցիչ հաղթում է մրցույթում, դա ամենեւին չի խոսում տվյալ պետության երաժշտական մշակույթի մասին:

«Հիմա կարող են ձեր երգը գրել Շվեդիայում, ձայնագրել Գերմանիայում, համադրել՝ Մեծ Բրիտանիայում: Ի՞նչ կապ ունի ձեր երկիրը: Այդ սովորական շոուն վերջին շրջանում քաղաքականացված է, եւ պետք չէ հանուն դրա հայրենասիրական պոռթկումով կուրծք ծեծել» ,- արտիստուհու խոսքերն է վկայակոչում «Собеседник»-ը:



© NEWS.am STYLE