Մեկ օր Շաոլինի կունգ-ֆուի դպրոցից. «Ճանապարհորդի գրառումներ» NEWS.am STYLE-ից

18:08   11 մարտի, 2017

Անվերջ Ջեքի Չաներ եւ Բրյուս Լիեր արտադրող այս գործարանի ուրվագիծը կարելի էր տեղադրել մարզական լրահոսում, բայց հույզերն ու տպավորություններն այնքան շատ են, որ որոշեցինք «Մեկ օր պեկինյան Շաոլինից»-ն ամեն դեպքում ներկայացնել այստեղ, քանի որ խոսքը հիմնականում այնտեղ տեղի ունեցածի վերաբերյալ իմ ընկալման մասին է:

Ձեր խոնարհ ծառան Հայաստանի Կունգ-ֆուի ֆեդերացիայի թեթեւ ձեռքով հայտնվել է վերոնշյալ հաստատությունում, որի մասին կցանկանայի մի փոքր պատմել:

Պեկինի Շաոլինի դպրոցում օրը սկսվում է առավոտյան 6-ից, եւ եթե այդ ժամանակ քնած ենք, ապա կարթնանաք, քանի որ մոտ հազար սաներ ոչ միայն վազում են դպրոց, այլ վազում եւ բարձր ու սարսափելի մարտական կոչեր են աղաղակում:

Վազքը շարունակվում է մեկ ժամ:

Հետո երիտասարդները գնում են ճաշարան, որտեղ աղմուկ-աղաղակով սնվում են, անկեղծ ասած՝ աղքատիկ սնունդով, քանի որ դրա չափաբաժինների քանակն ու մսի գրեթե ամբողջական բացակայությունը չեն համապատասխանում մարտարվեստի ապագա աստղերի ծախսած էներգիային:

Բայց չինացիներն ավելի լավ գիտեն: Մարզիկների կյանքի պայմաններն ու աշխատանքային օրերը ծանր են, բայց դա չի խանգարում նրանց մշտապես ժպտալ ու աշխատել իրենց վրա:

Իսկական մարտիկների դարբնոցի ներկայացուցիչները մեկ սենյակում մի քանի հոգով են ապրում:

Երեխաներին դպրոց տանում են 3 տարեկանից:

Ուսումը, ի դեպ, շուրջ 20 հազար յուան արժե, ինչը հավասար է տարեկան մոտ 3 հազար դոլարի:

Նախաճաշից հետո մարզիկները գնում են զբաղվելու ոչ թե ֆիզկուլտուրայով, այլ սովորելու, այո-այո, դուք ճիշտ լսեցիք, դպրոցն ընթանում է չինական կրթության հստակ ծրագրով, այնպես որ՝ ամեն ինչ չի սկսվում եւ ավարտվում միայն մարտարվեստով:

Դասերն ավարտվում են մոտ ժամը 12-ին, իսկ հերոսները կրկին գնում են ճաշարան՝ ճաշելու (կեսօրին այնտեղ շատ կծու սիչուանյան ուտելիք են մատուցում), որից հետո՝ վազքով դահլիճ եւ դուրս: Մինչ երեկոյան 5-ը, յուրաքանչյուր երկու ժամը մեկ միմյանց փոխարինելով, զբաղվում են մարտարվեստի իրենց ոճով:

Ընթրելով ժամը 5-ին՝ շարունակում են զբաղվել սպորտով, իսկ նրանք, ովքեր պարապմունք չունեն, խաղում են բասկետբոլ, որը Չինաստանում շատ-շատ հանրաճանաչ է:

10:30-ին դպրոցը քնում է, իսկ հաստատությունում անջատվում է լույսը, բայց նույնիսկ գիշերը դրսում գտնվող հրապարակներում կարող են հայտնվել վարպետները, ովքեր մարզվում են նիզակով կամ թրով:

Ի դեպ, կցանկանայի նշել ահա թե ինչ. կյանքը Չինաստանում (իհարկե ոչ ծույլ զբոսաշրջիկների տեսանկյունից) շատ ծանր է, բաներ կան, որ որքան էլ տարօրինակ հնչեն, նույնիսկ Հայաստանում ավելի լավ են, քան Չինաստանում: Սակայն Չինաստանում առողջ կենսակերպով սկսում են ապրել շատ փոքր տարիքից եւ ամբողջ կյանքում՝ անկախ պայմաններից, սեռից կամ կյանքի ծանրությունից: Դուք կարող եք տեսնել ե՛ւ խոհարարի, ե՛ւ մաքրուհու, ե՛ւ տաքսու վարորդի, ովքեր առավոտյան մարմնամարզությամբ են զբաղվում պրոֆեսիոնալների հետ միասին: Ոչ ոք չի էլ մտածում ծիծաղել նրանց վրա: Հակառակը, չինացիների համար տարօրինակ կլինի տեսնել 35-ամյա տաքսու վարորդի՝ մեծ փորով, ով փողոցի անկյունում կանգնած արեւածաղիկ է «վայելում», երբ կարող է այդ ժամանակը ծախսել իր մարմինը կարգի բերելու վրա:

Ամեն դեպքում, մի հնամենի ժողովուրդ (խոսքը մեր մասին է) սովորելու բան ունի մյուսից: Չէ՞ որ մշտական պարապմունքները նվազեցնում են ագրեսիան (իսկ դա միայն պաշտպանական մեխանիզմ է) եւ վստահություն հաղորդում սեփական ուժերին: Չինացիների համառությանը կարելի է միայն նախանձել եւ, ինչպես ասում է մակագրությունը, «Մեծությունը ձեռք է բերվում համառությամբ»:

 

Հավերժ ձեր՝ Թա Վեյ

Գլխավոր լուսանկարում Կայսերական պալատի աշտարակն է



© NEWS.am STYLE