Պիկասոյի նկարը ձեռք են բերել 155 մլն դոլարով

14:26   27 մարտի, 2013

Ամերիկյան SAC Capital Advisors հիմնադրամի ղեկավար, հայտնի կոլեկցիոներ Սթիվեն Քոենը Լաս Վեգասի խաղային մագնատ Սթիվ Ուինից 155 մլն դոլարով ձեռք է բերել իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Երազ» նկարը:

Vesti-ի փոխանցմամբ, այս գումարն ամենաբարձր է արվեստի գործերի համար ամերիկյան կոլեկցիոներների երբեւէ վճարածներից: Գործարքը գաղտնի է կատարվել, քանի որ այդ ժամանակ SAC Capital Advisors-ի նկատմամբ հետաքննություն էր անցկացվում: Սթիվեն Քոենի խոսքով, նկարն իր համար է գնել: Նկարում պատկերված է նկարչի սիրուհին՝ Մարիա Թերեզա Վալտերը:

Քոենի անձնական հավաքածուում հայտնի այնպիսի վարպետների նկարներ կան, ինչպիսիք են Վինսենթ Վան Գոգը, Էդուարդ Մանեն, Վիլեմ դը Կունինգը, Պոլ Սեզանը, Էնդի Ուորհոլը, Ֆրենսիս Բեկոնը եւ Դամիեն Հորսթը:



© NEWS.am STYLE