«Եվրատեսիլ 2017». Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան

09:36   13 մարտի, 2017

Մայիսին Կիեւում մեկնարկող «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան: Երգչուհին հանդես կգա «Flame Is Burning» երգով: Այս մասին ընտրության արդյունքում հայտնել է «Первый канал» հեռուստաալիքը:

«Յուլյան հմայիչ աղջիկ է եւ մրցույթների փորձառու մասնակից»,- ասել է մրցույթում ռուսական պատվիրակության ղեկավար Յուրի Ակսյուտան:

«Ես չափազանց երջանիկ եմ, որ դա տեղի ունեցավ իմ կյանքում, քանի որ դա այն է, ինչին ես գնում էի մանկությունից. հեռուստացույց էի դիտում եւ երազում, ինձ բեմում պատկերացնում: Եվ մայրս ինձ հետ միասին երազում էր: Եվ դա տեղի ունեցավ»,- նշել է Սամոյլովան:

Յուլյան մանկությունից տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, 1-ին կարգի հաշմանդամություն ունի: Պատճառը փոքր տարիքում պոլիոմելիտի դեմ սխալ արված պատվաստմանն օրգանիզմի արձագանքն է: Բայց կյանքը ցույց է տվել, որ դա Յուլյային չի խանգարել սովորել սովորական դպրոցում, ստեղծագործել ու երազել:

Ռուսաստանը հանդես է գալու մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչում, որը կկայանա մայիսի 11-ին:



© NEWS.am STYLE