NY Times-ը՝ հայկական ատամհատիկի ավանդույթի մասին

11:35   13 մարտի, 2017

NEWS.am STYLE-ը հասկանում է, որ հիմա հասարակության ուշադրությունը կենտրոնացած է երկրում տիրող նախընտրական իրարանցման ուղղությամբ, բայց մի քանի րոպեով ուզում ենք ձեզ շեղել այդ ամենից եւ տեսնել, թե ինչպիսի հուզիչ հոդված ենք գտել NY Times-ում, առավել եւս, որ նյութը նվիրված է մեր ատամհատիկի ավանդույթին:

Բոլորս գիտենք, որ երբ երեխայի առաջին ատամը դուրս է գալիս, տոն ենք կազմակերպում: Հիմա, կարծես, այդ մասին գիտեն նաեւ Ամերիկայում:

Եվ այսպես՝ պարբերականը գրում է. «Հայաստանում երեխաները կարիերայի մասին մտածում են շատ վաղ տարիքում: Atam hatik-ը երեխայի առաջին ատամի դուրս գալը նշելու ավանդույթ է, որը հայտնվում է վաղ տարիքում՝ 4-7 ամսականում:

Փոքրիկին նստեցնում են հատակին, նրա առջեւ տարբեր առարկաներ են դնում, ասենք՝ խոսափող (հաղորդավար կդառնա), ստետոսկոպ (բժիշկ), մկրատ (դերձակ), փող (բանկի աշխատող) եւ այլն: Առաջինն ինչը վերցնի երեխան, կկանխորոշի ապագայում նրա մասնագիտությունը: Իրականում ծնողներն ազատ են այդ առարկաների ընտրության հարցում, նրանք կարող են տարբեր մասնագիտություններ խորհրդանշող բազմաթիվ առարկաներ ընտրել:

«Երեխային հատակին կամ սեղանին են նստեցնում եւ նրա վրա եփած ոլոռ, եգիպտացորեն, լոբի, ցորեն, այլ հատիկավորներ են լցնում: Որպեսզի երեխան չվախենա, կարելի է գլխի վրա սրբիչ կամ տոպրակ պահել,- նշել է ԵՊՀ պրոֆեսոր Յուլյա Անտոնյանը:- Մարդիկ հավատում են, որ առաջին ատամը դուրս գալուց հետո երեխան կարող է կոշտ սնունդ ուտել, այսինքն՝ կարող է նաեւ իր ապագան ընտրել: Բազմաթիվ ծնողներ երեխային շրջապատում են այնպիսի առարկաներով, որոնք իրենք կցանկանային, որ նա ընտրեր: Դեպքեր են եղել, երբ հայրը երեխայից շատ հեռու է դրել գդալը, որպեսզի աղջկան հետ պահի տնային տնտեսուհու դերից: Արարողությունը կապված է ատամի եւ հատիկի ասոցացմամբ, ինչի արդյունքում էլ կոչվում է Ատամհատիկ»:

«Պատմական տարբեր աղբյուրներից պարզ է դառնում, որ 19-րդ դարում երեխայի առջեւ երկու առարկա էին դնում: Ընդ որում՝ արարողությունը կապվում էր ոչ թե երեխայի ապագա մասնագիտության, այլ ապագա երեխայի սեռի հետ. փոքրիկն իրեն ապագա քույր կամ եղբայր էր ընտրում: Եթե նա դանակ էր վերցնում, դա նշանակում էր եղբայր, եթե սանր՝ քույր: Այս կերպ ապագա մասնագիտությունն ընտրելու ավանդույթն ավելի ուշ առաջացել է Խորհրդային Հայաստանում եւ սփյուռքում»,- նշել է մարդաբան Լեւոն Աբրահամյանը:



© NEWS.am STYLE