Սքարլեթ Յոհանսոնը ծաղրել է Իվանկա Թրամփին

16:03   13 մարտի, 2017

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին կհիշեն նրա նմանակումների քանակով, այդ ցուցանիշով նա ակնհայտորեն շուտով կշրջանցի Ջորջ Բուշ-կրտսերին:

Երեկ Saturday Night Live շոուի ընթացքում Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ հոլովակ է ցուցադրվել, որում նա ներկայացել է «Հանցակից» անվանումով գոյություն չունեցող օծանելիք գովազդող Իվանկա Թրամփի կերպարով:

«Բոլորին է հայտնի նրա անունը: Բոլորը ճանաչում են նրա դեմքը: Երբ նա սենյակ է մտնում, գրավում է բոլորի ուշադրությունը: Նրա անունն Իվանկա է»,- կադրից դուրս ասում է ձայնը:

«Նման կինն առանձնահատուկ օծանելիքի է արժանի, որը ստեղծվել է հատուկ նրա համար: Չէ՞ որ նա հիասքանչ է, նա հզոր է, նա հանցակից է»,- ասված է գովազդում:

«Հանցակիցը» բույր է կանանց համար, որը կարող է կանգնեցնել այս ամենը, բայց չի անի»,- ասվում է տեսանյութի ավարտին:



© NEWS.am STYLE