Snoop Dogg-ը Lavender հոլովակում կրակում է ծաղրածու-Թրամփի վրա

09:25   14 մարտի, 2017

Snoop Dogg-ը հերթական անգամ արտահայտել է իրեն, եւ խոսքը ոչ թե մարիխուանայի, այլ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի մասին է:

Ըստ USA Today-ի՝ 45-ամյա ռեփերը Lavender երգի հոլովակն է նկարահանել: Տեսանյութըը պաշտոնապես դեռեւս չի թողարկվել, սակայն հոլովակն արդեն սովորականից ավելի մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Snoop Dogg-ը հոլովակում կրակում է ծաղրածու-Թրամփի վրա:

Հոլովակում ծաղրածուի կերպարով ԱՄՆ նախագահը խոստանում է երկրից արտաքսել բոլոր «շներին», ինչի համար էլ պատասխան է ստանում ռեփերից:

«Ինձ թվում է՝ բազմաթիվ մարդիկ լավ ձայնագրություններ են անում, ուրախանում են, զվարճանում, բայց ոչ ոք գործ չի ունենում իրական խնդրի՝ որպես նախագահ ծաղրածուի հետ»,- Billboard-ին տված հարցազրույցում հայտարարել է կատարողը:

Նրա խոսքով, երբ գրում էր երգը, ուզում էր դրանից ինչ-որ իրական բան ստանալ, որպեսզի ձայն տար այն մարդկանց, որոնք ձայն չունեն:



© NEWS.am STYLE