NEWS.am STYLE Exlusive. Հայուհի Էլենա Հովսեփյանը` շվեդական «Rum 213» սարսափ ժանրի ֆիլմում նկարահանվելու մասին

12:15   14 մարտի, 2017

Փետրվարի 24-ին Շվեդիայում կայացավ «Rum 213» սարսափ ժանրի ֆիլմի պրեմիերան, որը հիմնաված է համանուն գրքի վրա եւ որտեղ նկարահանվել է նաեւ ազգությամբ հայուհի 14-ամյա Էլենա Հովսեփյանը:

Էլենայի համար սա նկարահանվելու  առաջին փորձն էր եւ միանգամից աղջկան առաջարկել են գլխավոր դեր:

NEWS.am STYLE-ն, իհարկե, չէր կարող անտարբեր անցնել այս իրադարձության կողքով: Մենք զրուցել ենք շվեդական ֆիլմում նկարահանված հայուհու հետ: Ահա, թե ինչ պարզեցինք հարցազրույցի ընթացքում:

««Rum 213»-ը շատ հայտնի գիրք է շվեդ աշակերտների շրջանում: Ես նույնպես շատ եմ սիրում այդ գիրքը: Երբ համացանցում կարդացի, որ նկարահանվում է ֆիլմ` համանուն գրքի մոտիվներով, ես եւ իմ շվեդ ընկերուհիները դիմեցինք այդ ֆիլմում նկարահանվելու համար: 1000-ից ավելի դիմումներ կային` ԱՄՆ-ից եւ եվրոպական մի շարք երկրներից: Մրցույթն անցավ 3 փուլով եւ ես ստացա գլխավոր դերերից մեկը»,-պատմում է Էլենան, որի հետ զրուցեցինք նաեւ իր մարմնավորած հերոսուհու մասին.

«Իմ հերոսուհու անունը Բեա է: Նա տարբերվում է իր ընկերուհիներից: Բեան բարի է եւ ուրախ, բայց ընկերուհիները սկզբում նրան ճիշտ չեն ընկալում: Վերջում, իհարկե, բոլորս հաշտվում ենք: Ֆիլմը սարսափ ժանրի է, սակայն դրա գաղափարն ընկերասիրությունն է, իսկ  ես բոլոր ժանրերի ֆիլմերն էլ սիրում եմ, եթե այնտեղ կա իմաստ»,-նշում է հայուհին` հավելելով, որ Շվեդիայում ֆիլմի պրեմիերան մեծ քննարկումների թեմա է դարձել.

«Տեղական բոլոր թերթերը գրում են այս ֆիլմի մասին»,-ասում է նա:

Ի տարբերություն էլենայի` նրա խաղընկերուհիներն ազգությամբ շվեդ են, ծնվել են Սթոքհոլմում:

«Ֆիլմում նկարահանվել  են նաեւ շվեդ հայտնի աստղեր, որոնց հետ աշխատելը շատ հետաքրքիր էր: Արդեն ընկերացել եմ իմ հասակակից խաղընկերուիներիս հետ»:

Էէլենան նաեւ հավելեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 2012 թ-ին:

«Մենք տանը միայն հայերեն ենք խոսում: Ես շատ եմ սիրում հայկական ֆիլմեր դիտել»,-ասում է աղջիկը, որն արդեն 7 տարի է, ինչ ապրում է Սթոքհոլմում:

Նշենք, որ «Rum 213» ֆիլմը ցուցադրվելու է նաեւ Գերմանիայում, Դանիայում, Կորեայում եւ այլ երկրներում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE