Huffington Post-ը՝ Տիգրան Համասյանի մասին. «Լավագույն ջազային դաշնակահարը, որի մասին չեք լսել»

14:12   14 մարտի, 2017

Եռակի փառք Տիգրան Համասյանի տաղանդին: NEWS.am STYLE-ը պաշտում է ջազ երաժշտին եւ առանձնակի ուշադրությամբ է հետեւում հրաշալի դաշնակահարի մասին արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումներին: Օրերս տաղանդավոր հայ դաշնակահարի մասին հոդված գտանքHuffington Post-ում:

Տիգրան Համասյանը ծնվել է Հայաստանի Գյումրի քաղաքում: Երկու տարեկանից լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ: Ռադիոն, նվագարկիչը, երաժշտական գործիքները տղայի համար ցանկացած խաղալիքից ավելի հետաքրքիր էին: Երեք տարեկանում նա կարողանում էր անսխալ բազմաթիվ երգեր կատարել այնպիսի լուրջ խմբերի երգացանկից, ինչպիսիք են Led Zeppelin-ը, The Beatles-ը, Queen-ը, բայց առավելագույն հաճույքով երգում էր Լուի Արմսթրոնգի երգացանկից:
Մեր արտիստի կենսագրությանը մենք լավ ծանոթ ենք, այդ պատճառով անցնենք նրան, ինչը հիացրել է Huffington Post-ի հոդվածագրին:

«Տիգրանը ժամանակակից տաղարդավոր արտիստներից է, որին միջազգային ջազ հանրությունն առայժմ հավուր պատշաճի ուշադրություն չի դարձնում՝ չհասկանալով, թե ինչ է բաց թողնում: 30-ամյա վիրտուոզը խելագար էներգետիկա ունի, սրան ավելացրեք նաեւ հայկական ֆոլկ երաժշտության օգտագործումը եւ շքեղ երաժշտություն կստանաք: Մարտի վերջին երաժիշտը կթողարկի իր երկրորդ ալբոմը՝ An Ancient Observer անվանումով, որը բոլորին խորհուրդ ենք տալիս լսել»,- նշել է պարբերականն ու ներկայացրել է Համասյանի խոսքերը.

«Դա աշխարհի դիտարկումն է այն տեսքով, որում այն հիմա գտնվում է, եւ պատմության բեռը, որ կրում ենք մեր ուսերին, ազդում է մեզ վրա, եւ մենք չենք զգում դա: Իսկ ալբոմի երաժշտությունը շատ հայկական է, այն մի ամբողջ տիեզերք է՝ ժամանակակից աշխարհի հետ հնագույն երաժշտության միախառնում»:

ԱՄՆ-ից հեռանալով՝ Տիգրանն այժմ Հայաստանում է բնակվում:

«Երբ դուրս եմ նայում պատուհանից եւ տեսնում են Արարատը, որի ուրվագիծը խառնվում է կադրում հայտնվող էլեկտրական լարերին, արբանյակային ալեհավաքներին, մոտակայքով թռչող օդանավերին, հասկանում եմ, որ դա երկխոսություն է Աստծո ստեղծած բնության եւ ժամանակակից աշխարհի միջեւ»,- ասել է Համասյանը:



© NEWS.am STYLE