Ժաննա Ֆրիսկեի տունը կարող են կալանքի տակ վերցնել

18:03   14 մարտի, 2017

Տունը, որտեղ այժմ ապրում են Ժաննա Ֆրիսկեի ծնողները, եւ որը գնահատվում է 60 մլն ռուբլի, կարող են կալանքի տակ վերցնել։

Ըստ «Дни»-ի՝ այս մասին հայտնի է դարձել Մոսկվայի Պերովի դատարանում կայացած նիստի ժամանակ։ Գործը քննարկվում է «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության հայցի հիման վրա, 2014 թվականին երգչուհու բուժման նպատակով հավաքված գումարների ճակատագրի հետ կապված։ Հայցորդը խնդրել է գնահատել երգչուհու ծնողների տիրապետության ներքո գտնվող անշարժ գույքը, սակայն պատասխանողները՝ ի դեմս Ժաննայի ծնողների, դեմ են հանդես եկել։

Հետաքրքիր է, որ Ֆրիսկե ընտանիքի փաստաբանը՝ Աննա Լին հայտարարել է, որ հանգուցյալ երգչուհու հարազատներն իրենց հաշվեհամարներին բավականաչափ միջոցներ ունեն, եթե դատարանն անհրաժեշտ գումարն առգրավելու որոշում կայացնի։

«Առաջարկել են կալանքի տակ վերցնել Ժաննա Ֆրիսկեի տունը։ Այն արժե 60 մլն, եւ դա ավելին է, քան հայցի գումարը։ Բացի այդ՝ ընտանիքի հաշվեհամարներին առկա է ավելի քան 20 մլն ռուբլի, եթե հայցը բավարարելու դեպքում հարկ լինի կատարել դատարանի վճիռը»,- փաստաբանի խոսքերն է մեջբերում Life.ru-ն։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի շրջանային դատարանն ընդունել է «Ռուսֆոնդ»-ի հայցը, որտեղ բարեգործական կազմակերպությունը պահանջել է, որ Ֆրիսկե ընտանիքը հաշվետվություն ներկայացնի երգչուհու բուժման համար հավաքված գումարների վերաբերյալ։



© NEWS.am STYLE