Չէի սպասում, որ ժյուրին ծնկի կիջնի. Հոլանդիայի «Ձայնը» նախագծի 10-ամյա մասնակից Աննա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը` NEWS.am STYLE-ին

11:01   17 մարտի, 2017

Օրեր առաջ համացանցը ողողված էր փոքրիկ Աննա Գրիգորյանի ելույթի մասին անդրադարձներով: Աղջիկը շոկի էր ենթարկել Հոլանդիայի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին: Աննան ներկայացել էր «This is a men’s world» երգի կատարմամբ, որից հետո ոչ միայն արժանացել էր հանդիսատեսի բուռն ծափահարություններին, ալեւ ժյուրիի հիացական արձագանքին: Հայտնի երգիչ Ali B-ին, նույնիսկ, ծնկաչոք խնդրել էր հայ փոքրիկին ընտրել իր թիմը: Աննան էլ հենց նրան է ընտրել:

NEWS.am STYLE-ին հաջողվել է կապ հաստատել փոքրիկ գեղեցկուհու հետ: Մեզ հետ զրույցում աղջնակը խոսել է մրցույթին մասնակցելու ցանկության եւ սպասելիքների մասին.

«Մրցույթին մասնակցելու որոշումն իմն է եղել: Սպասում էի, որ ժյուրիի անդամները կշրջվեին ելույթիս ընթացքում, բայց որ ծնկի կիջնեին, ոչ…Ընտրեցի Ալիին, որովհետեւ նրան ու առհասարակ նրա երգերը շատ եմ սիրում եւ ցանկացա աշխատել հենց նրա հետ»,-ասում է Աննան, որը երգում է 5 տարեկանից:

Աննան ծնվել է Հոլանդիայում: Թեեւ աղջիկը դեռեւս երբեք չի եղել Հայաստանում, բայց վարժ տիրապետում է հայերենին.

«Հայերեն լավ եմ խոսում, որովհետեւ տանը հիմնականում հենց հայերենով ենք շփվում: Ցանկությունս մեծ է Հայաստան գալու»:

Աննայի հետ զրուցեցինք նաեւ մրցույթի ակնկալիքներից եւ մրցակիցներից.

«Դեռ ոչինչ հստակ չեմ կարող ասել: Հուսով եմ` նախագծի ընթացքում ամեն ինչ լավ կընթանա: Այո, հաղթելու ցանկությունս շատ մեծ է, բայց հաղթողին, ինչպես հայտնի է` կորոշի հանրությունը: Ինչ վերաբերում է մրցակիցներիս` ինձ համար բոլոր մասնակիցներն էլ յուրահատուկ են»,-նշեց փոքրիկ երգչուհին, որն այս շրջանում պատրաստվում է մենամարտ փուլին:

NEWS.am STYLE-ը հաջողություն է մաղթում Աննային` մրցույթի հետագա փուլերի ընթացքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE