Ճապոնացիները վայելում են սակուրայի ծաղկունքը

17:54   27 մարտի, 2013

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները տեղափոխվել են քաղաքային զբոսայգիներ, որպեսզի վայելեն սակուրայի ծաղկունքի վերջին օրերը:

Ըստ РИА Новости-ի, այս տարի սակուրան սովորականից շուտ ծաղկեց, որը պայմանավորված է եղանակի ջերմացմամբ: Ծաղկած ծառերի տակ լավագույն տեղերը ճապոնացիները զբաղեցնում են օրեր առաջ: Տոկիոյի գլխավոր այգում՝ Ուենոյում, ծառուղիների երկայնքով սեղաններ եւ աթոռներ են դրված: Ընկերների եւ բարեկամների ընկերակցությամբ մի բաժակ սակեի շուրջ կարելի է հիանալ սակուրայի ծաղկունքով: Այգում նաեւ տարատեսակ ատրակցիոններ են բացվել երեխաների համար եւ վրաններ են տեղադրվել բազմազան ուտելիքներով. տապակած կաղամար՝ սոուսով, հավ շամփուրի վրա, խորոված ձուկ, խմորում ութոտնուկներ, տապակած լափշա՝ բանջարեղենով, նրբերշիկով, եգիպտացորենով, ինչպես նաեւ ցանկացած ճաշակին համապատասխան ըմպելիքներ:



© NEWS.am STYLE